հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում

Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։

Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատունների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին: Արդյունքում կայուն ոռոգովի կդառնան ենթաշրջանի ավելի քան 2 հազար հեկտար հարթավայրային գոտում գտնվող հողատարածքներ, որոնք էականորեն փոխելու են տարածքում գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակարար կշիռը:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Բարձր գնահատելով երկու համայնքներում տեղահանված տասնյակ ընտանիքների տեղավորման աշխատանքները՝ նախագահն ընդգծել է, որ պետք է շարունակել գործընթացը՝ խոստանալով, որ Կառավարությունն այդ ուղղությամբ կակտիվացնի գործադրվող ջանքերը:

Անդրադառնալով ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի դեպի Խրամորթ տանող ճանապարհը, կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: