երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի ֆենոմեն ըստ Վահրամ Աթանեսյանի

Արայիկ Հարությունյանի ֆենոմեն ըստ Վահրամ Աթանեսյանի

«Երկու օր  գյուղում էի: Հարեւաններով հացի էինք, մեկն ասաց՝ զարմացած է, որ Արայիկ Հարությունյանն ասում է, թե ընկերություն է անելու իրեն այսօր քննադատողների հետ: Եւ ես նրան պատմեցի՝ ինչ որ գրելու եմ»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

Շարունակելով իր պատմությունը, նա նշում է․ «2007թ. նախագահական ընտրություններին «միասնական թեկնածու» գաղափարն ինձ, մեղմ ասած, չէր տրամադրել: Նաեւ հրապարակային էի մտահոգությունս արտահայտել, որ ձեւակերպել էի այսպես. «Էդ ու՞մ դեմ են միավորվում երեք կուսակցությունները»: Բակո Սահակյանի իրական մրցակիցը փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էր:

Բայց եղավ՝ ինչ մտածված էր: «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները եւ ՀՅԴ Արցախի կառույցը մրավորվեցին Բակո Սահակյանի շուրջ: Ընտրվելուց հետո նա վարչապետի պաշտոնում առաջարկեց Արայիկ Հարությունյանին: Ազգային ժողովը, եթե չեմ սխալվում՝ միասնաբար, հավանություն տվեց, հաստատեց Հարությունյանի կաբինետի գործունեության ծրագիրը:

Եկավ 2008թ. պետական բյուջեի խորհրդարանական քննարկման փուլը: Դա գերազանցապես սոցիալական բյուջե էր, բայց ուներ նաեւ բավական հավակնոտ տնտեսական ուղղվածություն:

Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի խմբակցությունները պետք է հնչեցնեին բյուջեի վերաբերյալ իրենց տեսակետները: Ես ԱԺԿ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն էի: Տեքստը գրեցի, բազմացրի եւ բաժանեցի խմբակցության բոլոր անդամներին: Ոչ մի առարկություն: Դա ակնհայտորեն կոշտ, քննադատական գնահատական էր:

Բյուջեին «կողմ» քվեարկությունը հիմնավորված էր միայն նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանած լինելու քաղաքական հանձնառությամբ: Նիստն ավարտվեց, ծայր առան շշուկները, որ նախագահը խիստ դժգոհ է «Ժողովրդավարություն» խմբակցության պահվածքից, որոնում են մեղավորին:

Ոմանք չդիմացան, դիմում գրեցին եւ հեռացան խմբակցությունից, իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարճատեւ բուժման պատրվակով բացակայում էր:  Առանց վարանելու զանգեցի վարչապետ Արայիկ Հարությունյանին, ընդունելություն խնդրեցի: Հինգ րոպե անց ես նրա աշխատասենյում էի: Պարզ ասացի, որ խմբակցության քաղաքական գնահատականի համար կուսակցության ղեկավար եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Տեքստը հեղինակել եմ ես:

Կարճ հանդիպում էր: Բայց խմբակցությունից հեռանալու դիմումների ընթացքը կտրուկ դադարեց: ԱԺ նախագահը վերադարձավ արձակուրդից: Ես նրան ասացի, որ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական եմ տալիս՝ հանուն իրավիճակի լիցքաթափման: Խնդիրն այդպես էլ կարգավորվեց, ԱԺ-ում փոխատեղություն չեղավ:

Մեկ-երկու շաբաթ անց վարչապետ Արայիկ Հարությունյանը զանգեց եւ հրավիրեց առանձնազրույցի: «Մենք շարունակում ենք մնալ ընկերներ»,- սա էր հանդիպման ամփոփումը: Քաղաքական , պետական գործչի ամենամեծ առավելությունը նրա անհիշաչար վարքն է: «Այ դրա համար էլ ես ընտանիքով քվեարկելու եմ Արայիկ Հարությունյանի օգտին»,- պատմությանս ավարտին ասաց հարեւանս: Ես նրան հավատում եմ»:         

  • Կիսվել: