երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արայիկ Հարությունյան․ Արցախի իշխանությունների յուրաքանչյուր որոշում ընտրությունների վերաբերյալ ինձ համար ընդունելի է

Արայիկ Հարությունյան․ Արցախի իշխանությունների յուրաքանչյուր որոշում ընտրությունների վերաբերյալ ինձ համար ընդունելի է

Արցախի իշխանությունների յուրաքանչյուր որոշում ընտրությունների վերաբերյալ ինձ համար ընդունելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անրադառնալով կորոնավիրուսի վտանգով պայմանավորված արցախյան ընտրությունները հետաձգելու հնարավորությանը։

Միևնույն ժամանակ նա կոչ արեց չքաղաքականացնել այդ հարցը, չփորձել ստեղծված իրավիճակից նախընտրական դիվիդենտներ հավաքել, այլ վստահել որոշումը Արցախի իշխանություններին, հատուկ ստեղծված Օպերատիվ շտաբին, որը, ըստ Հարությունյանի, բավականի էֆեկտիվ և ճկուն է աշխատում, օպերատիվ արձագանքում է զարգացումներին, ինչի շնորհիվ մինչ այս պահը հանրապետությունը հնարավոր է եղել զերծ պահել աշխարհը պատուհասած վարակիվ։

«Օպերատիվ շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ միասին պետք է որոշեն ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, այլ ոչ թե առանձին քաղաքական ուժեր իրենց շահերից ելնելով։ Եթե Օպերատիվ շտաբը կորոշի, որ ընտրությունները կհաջողվի անցկացնել անվտագ, ապա դրանք պետք է կայանան, եթե հանրային առողջությունը գոնե մեկ տոկոս կվտանգվի, ապա դրանք պետք է հետաձգվեն»,- շեշտեց Հարությունյանը։

Միևնույն ժամանակ նա կոչ արեց որոշակի քաղաքական շրջանակների չխառնել իր անունը այդ գործընթացների մեջ և դրա հաշվին նախընտրական դիվիդենտներ չփորձել հավաքել։

«Այս օրերին որոշ ուժեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել իմ մասին, հիմա էլ պնդելով, թե իբր ընտրությունները իշխանությունները չեն հետաձգում իմ որոշման պատճառով։ Նորից եմ ուզում կրկնել, ընտրությունների վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ինձ համար ընդունելի է։ Մի փորձեք ստահոդ լուրեր տարածելով քաղաքական դիվիդենտներ հավաքել, չի ստացվելու՝ հանրությունը ամեն ինչ տեսնում և հասկանում է»,- եզրափակեց Հարությունյանը։

  • Կիսվել: