ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջնորդության ծրագրի շրջանակներում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում իրականացվում են հետազոտություններ և վիրահատություններ

Առաջնորդության ծրագրի շրջանակներում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում իրականացվում են հետազոտություններ և վիրահատություններ

ԱՀ առողջապահության նախարարության մասնագիտական խորհրդի առաջնորդության ծրագրի շրջանակներում ապրիլի 19-23-ը Երևանից ժամանած մի խումբ բժիշկներ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով իրականացնում են քաղաքացիների հետազոտություններ, խորհրդատվություն, ինչպես նաև վիրահատական միջամտություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրոբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ իրենք հերթական այցով են գտնվում Արցախում: Նրա խոսքով՝ բժիշկների այցի նպատակը տեղի բժիշկների հետ համատեղ հետազոտություններ և վիրահատություններ իրականացնելն է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր գործընկերներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Որպես օրինակ՝ նշեմ, որ ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող բժշկուհու մոտ հերթագրված է 600 քաղաքացի: Բնականաբար, այս անգամ չենք հասցնի բոլորին ընդունել, բայց հարկ եղած դեպքում կրկին կայցելենք Արցախ: Ինքս օրական 15-20 հիվանդ եմ հետազոտում: Այսօր կիրականացնենք 2 բարդ վիրահատություն, նախատեսել ենք վաղը կատարել ևս մեկը: Ի դեպ, ծրագրված է նաև բժիշկների նոր խմբի այց Արցախ: Մենք մեր պարտքն ենք համարում լինել այս սուրբ հողում և մեր մասնագիտական օգնությունը բերել քաղաքացիների առողջության գործում»,- մասնավորապես ասել է Ա. Հովհաննիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով արցախյան երրորդ պատերազմի ժամանակ բժիշկների կատարած աշխատանքի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծել է, որ 44 օրերի ընթացքում Արցախի իրենց գործընկերները ծավալուն և բարդ աշխատանք են իրականացրել: Սպիտակ բանակը հերոսություններ է գործել օր ու գիշեր:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք թիկունքում զգացել ենք նրանց կատարած աշխատանքի որակը: Հանրապետական բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցած հիվանդանոց է, և այստեղ կան բոլոր հնարավորությունները՝ կատարելու տեխնոլոգիապես բարդ վիրահատություններ, ինչն ամեն կերպ իրականացնում են տեղի բժիշկները»,- նշել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան-վիրաբույժ Արամ Բադալյանը մի խումբ բժիշկների մասնակցությամբ, հետազոտությունների իրականացմանը զուգահեռ, անց է կացնում նաև սեմինար-պարապմունքներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ սեմինարների նպատակն է վաղ շրջանում ի հայտ բերել վահանաձև գեղձի հիվանդությունները, գտնել ուռուցքային հանգույցները: «Արդեն կատարել ենք երկու վիրահատություն, հինգը նախատեսում ենք այսօր, իսկ վաղը՝ 4-5-ը: Ընտրում ենք այն հիվանդներին, որոնց խնդիրը պետք է օր առաջ լուծվի: Մեր հաջորդ այցի ժամանակ կշարունակենք մեր աշխատանքը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Մենք եկել ենք՝ մեր տեղի բժիշկներին օգնելու և համատեղ խորհրդակցելու, մեր փորձը փոխանակելու և այլն: Երեք օրերի ընթացքում հետազոտել ենք 200 քաղաքացու, որոնցից 8-ի մոտ հայտնաբերել ենք ուռուցքային հիվանդություն»,- տեղեկացրել է Ա. Բադալյանը:

  • Կիսվել: