Անհետ կորածների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները
Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք, իրենց կարծիքով, հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ մուտք գործեցին Կառավարության շենք, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները. ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակել է 1in.am լրատվականը:
«Իրենց ցույցերով, ճանապարհ փակելով, փակում են մեր երեխաների ճանապարհը: Նրանք ոչ թե ուզում են հեղափոխություն անել երկրում, այլ հեղափոխություն են անում մեր երեխաների դեմ: Հրապարակ գալիս են, խնդում են, երաժշտություն են միացնում, ուրախանում…»,- ասաց Ռոման Գևորգյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման: