շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՆ ուղղորդմամբ մարզային ԲԿ-ներում թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն կստանան՝ մինչև 6 ամիս ժամկետով

ԱՆ ուղղորդմամբ մարզային ԲԿ-ներում թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն կստանան՝ մինչև 6 ամիս ժամկետով

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է զբաղվածության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը: Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերի սկզբի դրությամբ, արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձ:

Նոյեմբերի 14-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 3490 անձ, որից 3035-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: 1336 անձ ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ, որից աշխատանք է գտել արդեն իսկ 289-ը: Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում հաշվառված է 10445 թափուր աշխատատեղ: Մանրամասներին քաղաքացիները կարող են ծանոթանալ www.e-work.am կամ www.workforall.am կայքի «Գտիր աշխատանք» բաժնում, որտեղ ներկայացված են թե՛ տարածքային բաշխվածությունը, թե՛ աշխատավարձերի չափերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը UNDP Հայաստանի գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է փորձնական մի ծրագիր, որով նախատեսվում է տարբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր: Ծրագիրն ունի ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ: Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, դրանից կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:

Քննարկման փուլում են գտնվում ևս երկու ծրագրեր, որոնց շահառուներն առաջին հերթին հենց ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են: Ծրագրերից մեկը վերաբերում է ուսուցման, վերապատրաստման կամ պրակտիկայի ձեռք բերման միջոցով աշխատանքի տեղավորմանը: Ծրագրի շրջանակում պետությունն իր մասնակցությունն է ունենալու կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ աշխատանքային փորձառության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի, իսկ հետագայում նաև գործատուին հարկերի չափերի փոխհատուցմանը: Երկրորդ ծրագիրն ավելի շատ միտված է ինքնազբաղվածության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է Երևանում նախատեսվող ինքնազբաղվածության բիզնես ծրագրերի համար տրամադրել 2 մլն դրամ, իսկ մարզերից դուրս՝ 4 մլն դրամ:

Ռուբեն Սարգսյանը նշել է նաև, որ համատեղ ծրագրեր են նախատեսվում միջազգային և տեղական տարբեր գործընկերների հետ: Այս պահի դրությամբ նախարարությունը մշակում է Զբաղվածության ռազմավարությունը, որով նախատեսվում են զբաղվածության նոր ծրագրեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք հաճախ տրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից:

  • Կիսվել: