կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ Այդահոյի Թուին Ֆոլզ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Այդահոյի Թուին Ֆոլզ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Այդահո նահանգի Թուին Ֆոլզի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, որի համար Ֆեյսբուքի էջում իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Թուին Ֆոլզի քաղաքապետարանի հրապարակած հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է Արցախի՝ պատմական հայկական տարածք լինելու, այդ հողի վրա բնիկ հայերով բնակեցվելու մասին: Անդրադարձ է արվում նաև 1921-ին Ստալինի կողմից Արցախի կառավարումը Խորհրդային Ադրբեջանին հանձնելուն:

Հռչակագրի մեջ հիշատակվում են նաև անկախության համար կազմակերպված ցույցերի պատճառով հայերի դեմ ադրբեջանական ուժայինների կողմից բռնաճնշումները, որոնք հանգեցրել են Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում էթնիկ հայերի ջարդերին ու Ադրբեջանից ավելի քան 350 հազար քրիստոնյաների տեղահանմանը:

Նշվում է նաև, որ Թուին Ֆոլզ քաղաքը հյուրընկալել է կրոնական հետապնդումների պատճառով Ադրբեջանից տեղահանված շատ հայերի: Արցախի քաղաքացիները վճռել են ապրել ազատ՝ առանց կրոնական հետապնդումների, բռնությունների ու բռնաճնշումների, և ճանաչվել է Արցախի անկախությունը:

 

  • Կիսվել: