չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 980 զանգ է գրանցվել

ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 980 զանգ է գրանցվել

Նոյեմբերի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ:

Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։ Փրկարարները տուժածին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն»:

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեղումներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 7 դռան և 3 վերելակի բացում:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 16 ելք, որից 4-ը՝ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Բաց տարածքում՝ չոր ենթատարածքներում հրդեհի 8 կանչ է գրանցվել, ևս 1 ահազանգ ստացվել է օձի հայտնաբերման մասով:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք: Հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը կարևորելով բնակչության անվտանգությունը` շուրջօրյա ծառայություն է իրականացնում և արձագանքում Հանրապետության տարածքում տեղի ունեցած դեպքերին և պատահարներին:

  • Կիսվել: