հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԱԻՊԾ հրդեհային և տեխանվտանգության տեսչությունը Ստեփանակերտում պլանային ստուգումներ է իրականացրել

ԱԻՊԾ հրդեհային և տեխանվտանգության տեսչությունը Ստեփանակերտում պլանային ստուգումներ է իրականացրել

Ձմեռային սեզոնին ընդառաջ ԱԻ պետական ծառայության տնօրենի հրամանով, ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժնի հետ համատեղ, անվտանգության կանոնների պահպանման նպատակով մայրաքաղաքի առանձին թաղամասերում իրականացրել է հերթական տեսչական պրոֆիլակտիկ ստուգումները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մոնիթորինգին մասնակցել են «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները, որոնք գազի և էլեկտրաէներգիայի ներտնային համակարգից, ջրատաքացուցիչ սարքավորումներից և ջեռուցման համակարգերից ճիշտ օգտվելու կանոնների մասին բնակիչներին տվել են հավելյալ ցուցումներ:

Նախորդ տարվա հրդեհների վերլուծություններով պարզվել է, որ բնակելի հատվածում հրդեհները հիմնականում առաջացել են էլեկտրասարքավորումների ոչ ճիշտ գործարկման, էլեկտրալարերի կարճ միացման և կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների պատճառով: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասով՝ բնակիչները կենթակվեն վարչական պատասխանատվության:

  • Կիսվել: