ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն դպրոցներում սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ծրագիր է իրականացնում
Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից մայրաքաղաքի դպրոցներում սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ծրագիր է մեկնարկել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Աղասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կոմիտեի ներկայացուցիչներն այցելում են դպրոցներ և աշակերտներին ծանոթացնում սննդամթերքի անվտանգության ու անձնական հիգիենայի պահպանման կանոններին և դրանց պահպանման կարևորությանը:
«Նպատակն է հնարավորինս մեծ թվով դպրոցականների ծանոթացնել ծրագրին, որպեսզի իրենց համար օգտակար խորհուրդներ քաղեն: Սկզբնական շրջանում ընդգրկել ենք մայրաքաղաքի դպրոցները, այդ թվում՝ Ստեփանակերտում տեղակայված Հադրութի և Շուշիի կրթօջախները: Ծրագիրը նախատեսված է 4-7-րդ դասարանների աշակերտների համար: Երեխաների համար ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու նպատակով նյութը մատուցվում է սլայդերի և անիմացիոն տեսահոլովակների տեսքով»,-ներկայացրել է Ա.Աղասյանը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցների տնօրեններին աջակցելու և համագործակցելու համար:
Մեր զրուցակցի խոսքով՝ համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում ծրագիրը կիրականացվի նաև Հանրապետության շրջանների դպրոցներում: