ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Բորիս Ավագյանի` Halo Trust կազմակերպության մասին հայտարարությունը չի արտահայտում Արայիկ Հարությունյանի պաշտոնական տեսակետը
Արցախի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանակն Halo Trust կազմակերպությունը, որը զբաղվում է Արցախում ականազերծման աշխատանքներով, ԱՀ ականապատ տարածքների մասին ինֆորմացիա է փոխանցել Թուրքիային, չի արտահայտում ԱՀ նախագահի պաշտոնական տեսակետը այդ կառույցի աշխատանքների վերաբերյալ: Այս մասին InfoPort.am-ին փոխանցեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
՛՛Բորիս Ավագյանը հանդիսանում է ԱՀ նախագահի խորհրդականը հասարակական հիմունքներով, և նրա արտահայտած կարծիքները չեն հանդիսանում ԱՀ նախագահի պաշտոնական տեսակետը: Նախագահի պաշտոնական տեսակետն արտահայտում է նրա խոսնակը: Ավագյանի հայտարարությունը Halo Trust կազմակերպության մասին չի արտացոլում նախագահի կարծիքը այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ՛՛,-հայտարարեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ Halo Trust կազմակերպությունը շարունակում է իր աշխատանքները Արցախում:
Այլ հարցերի, մասնավորապես՝ ունի՞, այդուհանդերձ ԱՀ նախագահի աշխատակազմը ինֆորմացիա Halo Trust-ի կասկածելի գործունեության մասին, կամ արդյոք Ավագյանի՝ նման հայտարարությունները չե՞ն խոչընդոտի այդ կազմակերպության աշխատանքներին Արցախում, Ավանեսյանն ասաց, որ լիազորված չէ պատասխանել: Նա նաև հավելեց, որ հնարավոր է՝ առաջիկայում այդ հարցերով տրվի հավելյալ պարզաբանում:
Նշենք, որ ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Բորիս Ավագյանը այսօր հայտարարություն է տարածել առ այն, որ Halo Trust կազմակերպությունը թուրքական կողմին էր տրամադրել ԱՀ ականապատված տարածքների քարտեզը, ինչի շնորհիվ ադրբեջանական ուժերը պատերազմի ժամանակ կարողացել էին անխոչընդոտ առաջ շարժվել:
Այդ հայտարարությունից քիչ անց Halo Trust-ը հերքեց Ավագյանի բոլոր պնդումները. ՛՛ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում' տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է՛՛: