ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերության 2020-ի գործունեության մասին հաղորդումը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը

ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերության 2020-ի գործունեության մասին հաղորդումը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 20-ին հրավիրված նիստի օրակարգում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն էր: Այն ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունն ապահովել է քաղաքական, կրթական, գիտալուսավորչական ու այլ կարգի տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը:

«Տարին պատասխանատու էր մի շարք առումներով:

«Համապետական ընտրությունների լուսաբանումն իրականացվել է պատշաճ մակարդակով: Նախընտրական քարոզչության համար բոլոր թեկնածուների ու կուսակցությունների համար ապահովվել է հավասար պայմաններ»,-ասել է Արթուր Ներսիսյանը:

Համավարակով ու Արցախին պատուհասած պատերազմի պատճառով Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրերը փոփոխության են ենթարկվել. մի շարք հաղորդումներ դուրս են մղվել եթերացանկից, որոշների ձևաչափն է փոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բարեփոխումներ են իրականացվել ռադիոյի ոլորտում: 2020 թվականի սեպտեմբերից հանրային ռադիոն հեռարձակվում է շուրջօրյա՝ նախկին 5 ժամի փոխարեն: Ռադիոյի` նոր թվային տեխնիկայով համալրումը կատարվել է պահուստային ֆոնդից:

Հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն պլանավորվել էր 404 մլն 262 հազար դրամի չափով, որտեղ սեփական եկամուտները պլանավորել էին 15 մլն-ի չափով: Սակայն բյուջեի կատարողականը կազմել է 369 մլն 952 հազար դրամ, որի պատճառը պատերազմով պայմանավորված հաղորդումների ծավալի կրճատումն էր ու սեփական եկամուտների փաստացի ծավալի 11 մլն ցուցանիշը:

Չնայած գործող մարտահրավերներին՝ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական էջի դիտումների քանակը ավելացել է ավելի քան մեկ միլիոնով:

Արցախի Ազգային ժողովից հայտնում են, որ պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված առաջարկներով: Եզրափակելով նիստը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

  • Կիսվել: