ԱՀ գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին
Կառավարության համապատասխան որոշմամբ` Արցախում բնակվող քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցման աջակցության ծրագրում որոշակի լրացումներ և փոփոխություններ են կատարվել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը և նշեց, որ, ըստ կատարված փոփոխությունների, գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում բնակվող բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021թ. դեկտեմբերի 1-ին:
«Միևնույն ժամանակ, բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Իսկ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը: 2022թ. հունվարի 1-ին կավարտվի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարի փոխհատուցումը: 1 բնակիչ-բաժանորդի համար սահմանված աջակցության առավելագույն չափը մնացել է անփոփոխ, մասնավորապես` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 մ/խ ներառյալ, չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում` էլեկտրաէներգիայի սպառման գծով մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: Այն բնակիչ բաժանորդները, ովքեր համատեղությամբ վարձակալական հիմունքներով են բնակվում և հանդիսանում են որպես ենթասպառողներ, ևս հանդիսանում են ծրագրի շահառու : Նրանք, համատեղելիության վարձակալության բնակությունը հավաստող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց և հաշվառելուց հետո, կստանան սահմանված սահմանաչափերին համարժեք դրամական փոխհատուցում», - ներկայացրեց Ա. Մեժլումյանը: