կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ԱՀ դատական դեպարտամենտը դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով կանցկացնի որակավորման ստուգում

ԱՀ դատական դեպարտամենտը դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով կանցկացնի որակավորման ստուգում

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 22-ի թիվ ԲԴԽ-4-Ո-5/2022թ. որոշումը՝ ԱՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը երկու թեկնածուով հաստատելու և որակավորման ստուգումներ անցկացնելու մասին, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտարարվում է որակավորման ստուգում:

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը  տեղեկացնում է, որ ԱՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դեպարտամենտ՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը (հասցե՝ ք.Ստեփանակերտ, Դ․Բեկ 21):
 
Հայտերի հետ հավակնորդները պետք է ներկայացնեն համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
 
 Հայտերի ընդունումը Դեպարտամենտի կողմից մերժվում է, եթե այն ներկայացվել է ԱՀ դատական օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում ԱՀ դատական օրենսգրքով նախատեսված պահանջներին: Նման հայտերը Դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման հայտատուին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, պայմաններին եւ որակավորման ստուգման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ  դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում (www.courtnkr.am, «Նորություններ» բաժնում) կամ զանգահարել 047959698 հեռախոսահամարին:
 

  • Կիսվել: