ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանն արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատարի դեմ. Աբրահամյան

Ադրբեջանն արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատարի դեմ. Աբրահամյան

Ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի դեմ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուս խաղաղախահներն իրենց գործառույթն ամբողջությամբ չեն իրականացնում, և ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնում։
 
«Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանը կարող է օբյեկտիվ առումով դժգոհ լինել։ Այս ամենը պայմանավորված է ոչ թե ռուս խաղաղապահների ծառայության էֆեկտիվությամբ, այլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով»,–ասաց Աբրահամյանը։
 
Նրա խոսքով` քայլերը, որոնք անում է Ադրբեջանն այսօր, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում։ Սա, ըստ Աբրահամյանի, նշանակում է` որքան այս ճգնաժամը խորանա, այդքան հարձակումները ՌԴ–ի նկատմամբ,
ավելանալու են։
 
Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարություններն ավելի շատ կապված են Երասխի ուղղությամբ տեղի ունեցող իրադարձություններին, որովհետեւ Հայաստանի տարբեր մարմիններ աշխատում են զերծ մնալ Արցախի վերաբերյալ հայտարարություններ անելուց. «Ես առաջին հերթին նկատի ունեմ ԱԳՆ-ին, կառավարության ղեկավարին: Այս դեպքում այն առաջարկները, որոնք հնչեցնում է Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով, մասնավորապես ուժերի հայելային հետքաշման վերաբերյալ, չեմ կարծում, թե  այս փուլում կարող է որեւէ խնդիր լուծել, որովհետեւ ադրբեջանական գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են, եւ սա նաեւ ազդակ է Հայաստանին եւ Արցախին, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի նոր սրացումներ»,-ընդգծեց նա:
 
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորող գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
 
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

  • Կիսվել: