հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանցիները փորձում են հայկական ժառանգությունը աղվանացնել, այսինքն՝ ներկայացնել, որ դրանք հայկական չեն, այլ աղվանական են, ինչը նրանց մոտ չի ստացվի․ Համլետ Պետրոսյան

Ադրբեջանցիները փորձում են հայկական ժառանգությունը աղվանացնել, այսինքն՝ ներկայացնել, որ դրանք հայկական չեն, այլ աղվանական են, ինչը նրանց մոտ չի ստացվի․ Համլետ Պետրոսյան

Ինչ ճակատագիր ունեցավ Տիգրանակերտի թանգարանը։ Ըստ տեղեկությունների՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբեր ամսին, հանվել որոշ իրեր, հետո տարհանվել են մյուս  նմուշները։  Zarkerak.am-ի հետ զրույցում  ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը նշեց, որ թանգարանում ցուցադրվող բոլոր 252 նմուշները տարհանվել են։

«Հոկտեմբերի 19-ին փոքր իրերն են հանվել, իսկ պատերազմից հետո տարհանվել են նաև թանգարանում ցուցադրվող մյուս նմուշները։ Տարհանումն իրականացրել են հնագետներ Համլետ Պետրոսյանը և Նժդեհ Երանյան։ Թանգարանի նյութերն այս պահին գտնվում են Երևանի պատմության թանգարանում»,-հայտնեց նա։

Տեղեկացնելով, որ կա նախագիծ Արցախում թանգարան կառուցելու՝ Արմինե Հայրապետյանն ասաց, որ աշխատանքները ավարտելուց և տարածք ունենալուց հետո թանգարանի նմուշները տեղափոխվելու են այնտեղ։ Այս պահի դրությամբ շենքային պայմաններ չունեն։

Կարևորելով թանգարանում ցուցադրված նյութերը՝ Արմինե Հայրապետյանը նշեց․ «Տիգրանակերտի հնագիտական թանգարանում ցուցադրվում էին Տիգրանակերտի տեղավայրից, Հայկաջրի դամբարանից ի հայտ եկած գտածոները և Կարմիրավանի պեղումների ժամանակ դամբարանից հայտնաբերված գտածոները։ Սրանք կարևոր պատմական տեղեկություններ են տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Մասնավորապես, Տիգրանակերտի գտածոները թվագրվում են անտիկ ժամանակաշրջանից մինչև 12-13-րդ դարեր անընդմեջությամբ։ Դրանք ապացույցն են այն բանի, որ այդ տարածաշրջանում և այդ ժամանակաշրջանում ապրում էին հայերը, որոնք ունեին իրենց կենցաղային մշակույթը․ դա ներկայացված էր թանգարանում՝ կավե  իրերի, ուլունքների, զանազան շինությունների խոյակների տեսքով, որոնք խոսում էին այդ ժամանակաշրջանի մեր ժողովրդի մշակույթի մասին։ Թանգարանը, լինելով հենց տեղավայրում,  կարծես թե,  ամբողջական էր ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի պատմությունը։ Դրանով իսկ ավելի  էր կարևորվում նրա դերը մեր մշակութային ժառանգության մեջ»։

Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անձամբ է պատերազմի ժամանակ տարհանել թանգարանի նյութերը։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2005 թվականին հստակեցնելով Տիգրանակերտ քաղաքի տեղը՝ 2006 թվականից սկսել են Տիգրանակերտի պեղումները, որոնք  տևել են մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը։ Արդյունքում հայտնաբերել ենք Ամրացված թաղամասի պարիսպներ, անտիկ թաղամասերը,  վաղքրիստոնեական ընդարձակ հրապարակը՝ երկու եկեղեցիներով,կոթողներով, գերեզմանոցով և այլն։

«Ի հայտ են եկել բազմաթիվ հնագիտական գտածոներ՝ թանկարժեք մետաղներ, զարդեր, աշխատանքային գործիքներ, խոփեր, դանակներ, դաշույններ, խեցեղենի ու ապակու հավաքածուներ և այլն։ Տիգրանակերտի պեղածո որևէ իր և որևէ մի նյութ չի մնացել թշնամուն՝ չհաշված այն պատերը և քարերը, որոնք մենք չէինք կարող քանդել»,- մանրամասնեց Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ջրանցքի,անտիկ թաղամասի, կենտրոնական թաղամասի պեղումները կիսատ են մնացել։

«Տիգրանակերտը նախևառաջ հայության  քաղաքակրթական ամենազորեղ վկայությունն է։ Ադրբեջանցիները փորձում են հայկական ժառանգությունը աղվանացնել, այսինքն՝ ներկայացնել, որ դրանք հայկական չեն, այլ աղվանական են, ինչը նրանց մոտ չի ստացվի։Այսօր Արցախում չկա այդ ժամանակաշրջանի հայկական ներկայության ավելի մանրամասն և զորեղ փաստարկ, քան Տիգրանակերտն է»,- նշեց Համլետ Պետրոսյան։

 

  • Կիսվել: