6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ
Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով և փորձություններով տարի էր։ Շրջափակում, ծանր օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն, որի հետևանքով 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճամփան:
Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում է մարդասիրական աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվը։ Որպես մարդասիրական ազգային ընկերություն Կարմիր խաչը առաջիններից է, որ հանձն է առնում անշահախնդիր գործունեություն ծավալել արտակարգ ռեժիմով։
«Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում Հայկական Կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն, ամփոփելով անցնող մարտահրավերներով լի 2023 թվականը, ներկայացրել է 2024թ-ին շարունակվող և նոր պլանավորվող ծրագրերը։
«Եթե ամփոփելու լինենք 2023թ-ը, պետք է այն բաժանենք երկու մասի՝ մինչ սեպտեմբեր և սեպտեմբերի դեպքերից հետո։ ՀԿԽԸ-ն, իրականացնելով ընթացիկ գործունեություն մեր ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, մարդասիրական արժեքների տարածում, շարունակում էր արձագանքել 2020թ-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցությանը։ Հայկական Կարմիր խաչը արձագանքել էր 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ից Գեղարքունիքում և Վայոց ձորի հատվածում առաջացած սրացման հետևանքներին՝ առաջին օգնություն և դասընթացներ էր կազմակերպում այդ համայնքներում։ Միևնույն ժամանակ տեղում մարդասիրական աջակցություն էր ցուցաբերվում ներքին տեղահանված անձանց։
Այս ամենին զուգահեռ դեռևս 2020 թ-ին ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 20 հազար մեր հայրենակիցներին տրամադրվում էր մարդասիրական աջակցություն՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր և հոգեբանական աջակցություն։ 2020թ-ից անհրաժեշտություն առաջացավ համալրել մեր մարզային թիմերը հոգեբաններով, քանի որ պատերազմից տուժած մարդիկ, կորցնելով հարազատներ, բնակության վայր, հայտնվել էին սթրեսի և տագնապային իրավիճակում և խոցելի էին ամենից շատ մանուկներն ու տարեցները»,- նկատեց Նունե Գրիգորյանը։
Անդրադառնալով 2023թ-ի վերջին ամիսներին՝ Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերյան դեպքերի հենց առաջին օրերից եղել է արձագանք տեղում՝ ընդունման կետերում։ Կոռնիձորում, Սյունիքում, Վայոց ձորում 24/7 ռեժիմով աշխատել են Հայկական Կարմիր խաչի անձնակազմի 445 անդամ և կամավորներ։
«Մինչ այս պահը թեժ գծի և այցելությունների միջոցով գրանցվել է 94 հազարից ավելի անձանց օգնություն տրամադրելու դիմում, որից 92 հազարին, կարիքից ելնելով, տրամադրվել է օգնություն՝ սնունդ, տաքացուցիչներ, տաք պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր։
Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին արձագանքելու համար հավաքագրվել է 6 մլրդ 700 մլն դրամ՝ 16 մլն 435 հազար ԱՄՆ դոլար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 հազար մարդու (ամսվա կտրվածքով)։ Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։
Բացի վերը նշվածից, 2020 թվականից ՀԿԽԸ-ին է պատվիրակվել Գյումրու խնամքի կենտրոնի կառավարումը։ ՀԿԽԸ հանձնառությամբ և գործընկերների միջոցով ամբողջությամբ հիմնանորոգվել է Գյումրու տուն-ինտերնատը։ 160 անձի համար նախատեսված կենտրոնում բարելավվել է մարդկանց կյանքի, սննդի որակը և բոլոր հուզող հարցերը լուծվում են տեղում»,-հավաստիացրեց Նունե Գրիգորյանը։
ՀԿԽԸ տնօրինությունը նաև անհայտ կորածների, գերիների և պատանդների հանձնաժողովի անդամ է, սերտորեն աշխատում է ընտանիքների հետ՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։ «Այս տարի աշխատանքներն ավելանալու են՝ ընդգրկելով մի քանի մարզ ևս: Միջազգային գործընկերների հետ մշակվել է 2024թ արձագանքի ծրագիր։ Այն ուղղված է տեղահանված անձանց ինտեգրմանը: Ծրագիրը ներառում է տնտեսական ինտեգրում, փոքր բիզնեսի ներդրման և զարգացման դասընթացներ, երեխաների կրթություն և մի շարք այլ ուղղություններ։ Խնդիրներն ու կարիքները շատ են, բավական մեծ աշխատանք դեռ կա առջևում, որը մինչև տարեվերջ պիտի փորձենք իրականացնել»,-հավելեց Նունե Գրիգորյանը։