«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնությունների շրջանակում արդեն արձանագրվել են առաջին գործնական արդյունքները բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրված մի շարք փաստաթղթերից մեկը վերաբերում էր բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։
«Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերում էր բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին և համագործակցությանը»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից անցած 10 ամիսների ընթացքում արդեն մի շարք կոնկրետ արդյունքներ են գրանցվել։
Նա նշել է, որ Երևանի պետական համալսարանում ստեղծվել է արհեստական բանականության կենտրոն, իսկ կառավարությունը համալսարանի համար ձեռք է բերել սուպերհամակարգիչ։
«Կառավարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել և սուպերհամակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն բացվել է նաև արհեստական բանականության առաջին գործարանը։
«Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը, և այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը»,-նշել է վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս գործընթացը Հայաստանի համար տեխնոլոգիական լրջագույն անցում է և կարող է էական ազդեցություն ունենալ երկրի միջազգային հեղինակության ու ներդրումային միջավայրի վրա։
«Այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը և այսպիսի ներդրումների համար նպաստավոր և հետաքրքիր երկիր լինելն, իհարկե, էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության և՛ միջազգային իմիջը, և՛ մեր տնտեսական ներդրումային միջավայրը»,-ասել է նա։
Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ «TRIPP» նախագծի և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերի համակցված ազդեցությունը կնպաստի տնտեսության կայուն աճին։
«Ես կարծում եմ, որ «TRIPP» նախագծի և արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք, այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք»,-հայտարարել է Փաշինյանը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1252364



