Յուրաքանչյուր մարզիկի միակ բարձունքը օլիմպիական ոսկին է. Գոռ Մինասյան
«Նման միջոցառումները շատ կարևոր են մարզիկների համար, քանի որ դրանք ոգևորում են մեզ, զգում ես, որ քո արած աշխատանքը զուր չէ և քո պետությունը գնահատում է քո արդյունքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նախագահական նստավայրում պարգևատրվելուց հետո ասաց ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
Նա նշեց, որ բոլոր մարզիկները զգացված են այս վերաբերմունքի համար, ավելի շատ պարտավորեցնում է, որ օլիմպիական տարում ձգտեն ավելի մեծ արդյունքների։
Գոռ Մինասյանն ասաց, որ առջևում Եվրոպայի առաջնությունն է, որը վերջին վարկանիշային մրցաշարն է: Մայիսին արդեն կիմանան իրենց վարկանիշներն ու թե քանի ուղեգիր ունեն, ովքեր կմեկնեն Տոկիո։ «Յուրաքանչյուր մարզիկի միակ բարձունքը օլիմպիական ոսկին է, ամեն ինչ արվում է դրա համար, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք»,- նշեց նա։