կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրք»-ի ռեկորդներ է սահմանել բասկետբոլ մարզաձեւում

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրք»-ի ռեկորդներ է սահմանել բասկետբոլ մարզաձեւում

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սեւանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը, ով  առավել հանրաճանաչ է իր գինեսյան ռեկորդներով՝ ավտոմեքենաներ եւ բեռնատար գնացքներ ձեռքով տեղաշարժելով, այժմ արդեն զարմացնում է բասկետբոլ մարզաձեւում սահմանած բացառիկ ռեկորդներով։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, նա բասկետբոլի գնդակով կատարել է մի քանի հնարքներ, որոնք գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում». Այսպես, մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը կանգնած, առանց ետ նայելու, Վարազդատը  բահով զամբյուղի մեջ է նետել 1 գնդակ՝ 22 մետր հեռավորությունից։ Ապա նույն դիրքում ձեռքով զամբյուղի մեջ է նետել 2 գնդակ՝ 14 մետր հեռավորությունից,

եւ  3 գնդակ՝ 5 մետր հեռավորությունից։ Այնուհետ, դեմքով կանգնած դեպի զամբյուղը, աջ ձեռքով նետել է գնդակը զամբ­յուղի մեջ՝ 24 մետր հեռավորությունից։

«Ոչ բոլորը կարող են գնդակով ճշգրիտ հարվածել բասկետբոլի զամբյուղին։ Նույնիսկ որոշ փորձառու բասկետբոլիստների համար մոտ 7 մետր հեռավորությունից հարվածելը խնդիր է:

Իսկ ինչ կասեք, երբ տղան հեռվից է գնդակը նետում զամբյուղի մեջ, ավելի ճիշտ՝ 24 մետր հեռավորությունից, եւ այն էլ ոչ թե մեկ, այլ երկու, երեք գնդակներով։ Սա, ի դեպ, աննախադեպ ռեկորդ է։ Վարազդատ Հակոբյանը մշտապես հաղթահարում է ամենաբարդ եւ աննվաճելի խոչընդոտներ։ Մարզիկը բոլորին քաջ հայտնի է իր ուժով եւ վճռականությամբ։ Նա մեկ ձեռքով տեղաշարժել է ավտոմեքենաներ, բեռնատար վագոններ եւ այլն։ Զարմանալի չէ, որ այժմ իր ուժերը փորձում է մեկ այլ բնագավառում։ Տեւական ժամանակ մարզվելով եւ գնդակներ նետելով բասկետբոլի զամբյուղի մեջ՝ Վարազդատը նվաճեց հերթական ռեկորդները։ Հայտնի փաստ է. որքան հեռվից են գնդակը նետում զամբյուղի մեջ, այնքան ավելի շատ միավոր են ստանում բասկետբոլում։ Վարազդատ Հակոբյանը գնդակներ է նետում նույնիսկ մեջքով շրջված դեպի զամբյուղը։ Իր համար նոր խոչընդոտներ ստեղծելով՝ նա նաեւ գնդակ է նետում ոչ թե ձեռքով, այլ բահով։ Երբ կա նպատակ եւ այն իրագործելու կամք, ամենաբարդ եւ անհաղթահարելի խոչընդոտը դառնում է իրականություն։ Ամեն զարմանահրաշ ռեկորդի հետ մեկտեղ աշխարհով մեկ հնչում է ոչ միայն Վարազդատի, այլ նաեւ Սեւան համայնքի անունը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

  • Կիսվել: