երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի Մ15 տարեկանների հավաքականի անդամ Տիգրան Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում։

75 կգ քաշայինների պայքարում Տիգրան Ավետիսյանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 268 կգ արդյունքով:

Առանձին վարժություններում ևս Ավետիսյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ, իսկ հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ կշռող ծանրաձողերը։

Հայ ծանրորդները մինչև 15 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունենում:

Մրցումային հերթական օրը մինչև 15 տարեկանների 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահել է 114 կգ և 118 կգ։ Այս վարժությունում նա արժանացել է արծաթե մեդալի։

Պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվել է ԵԱ-ի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 102 կգ, 105 կգ ու 108 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա արժանացել է արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահել է 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։ 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը պոկել է 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է:

Մ15 տարեկանների 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը երկամարտի 252 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Առանձին վարժություններում ևս Մովսիսյանը արծաթե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 115 և 122 կգ կշռո ծանրաձողերն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ հարթակին: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:

Կոսովոյում ընթացող պատանեկան առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը երկամարտի 249 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 112 կգ, իսկ հրում վարժությունում՝ 137 կգ արդյունք:

Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 110 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում Աղավելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Երկամարտի 198 կգ արդյունքով Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:

Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ է մտել 45 կգ քաշային Քրիստինե Բաբայանը: Վերջինս պոկում վարժությունում բարձրացրել է 53 և 56 կգ (5-րդ տեղ), իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 68 կգ (5-րդ տեղ): Երկամարտի 124 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը Եվրոպայի այս առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը

Մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ են մտել 70 կգ քաշային պատանիները։ Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 27-ը: Հայաստանի ներկայացուցիչների մրցումների ժամանակացույցը՝

  • Օգոստոսի 25՝ ժամը 18:00, 69 կգ (Մ15)՝ Ակսաննա Թորոսյան
  • Օգոստոսի 25՝ ժամը 21:00, 85 կգ՝ Հարություն Ավետիսյան
  • Օգոստոսի 26՝ ժամը՝ 14:00, 69 կգ՝ Նատալյա Սարգսյան
  • Օգոստոսի 26՝ ժամը 16:00, +69 կգ (Մ15)՝ Նարե Առաքելյան
  • Օգոստոսի 27՝ ժամը 12:00, 95 կգ՝ Ալեն Զուրաբյան, Ալեն Խաչատրյան
  • Օգոստոսի 27՝ ժամը 16:00, +95 կգ՝ Էրիկ Սիմոնյան

  • Կիսվել: