երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի ողջ հետպատերազմյան կարգին․ Մերց

Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի ողջ հետպատերազմյան կարգին․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է ոչ միայն հաղթել Ուկրաինային, այլև ապակայունացնել Եվրոպայի քաղաքական համակարգը, հայտնում է Bloomberg-ը։

Մերցի խոսքով՝ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները թիրախավորում են ոչ միայն Ուկրաինան, այլև Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված կարևորագույն ձեռքբերումները։

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ազատությունն ու օրենքի գերակայությունը»,- ընդգծել է կանցլերը՝ նշելով այն արժեքները, որոնք հայտնվել են վտանգի տակ։

Մերցը նշել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է եվրոպական հասարակությունների վրա ռուսական ազդեցության թերագնահատումը։

«Իմ ամենամեծ մտահոգությունը մեր հասարակությունների վրա Ռուսաստանի ազդեցության թերագնահատումն է։ Ռուսաստանը գնում է մեր եվրոպական աշխարհամասի ողջ քաղաքական կարգը ապակայունացնելու ճանապարհով»,- հայտարարել է նա։

Կանցլերի խոսքով՝ շատերը, այդ թվում՝ Գերմանիայում, դեռևս բավարար լրջությամբ չեն ընկալում այս սպառնալիքը։ Միևնույն ժամանակ, եվրոպական կառավարություններն արդեն գիտակցել են իրավիճակի լրջությունն ու պաշտպանական բարեփոխումներ են իրականացնում՝ այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու և սեփական կարողություններն ուժեղացնելու համար, հավելել է նա։

«Մենք լսում ենք տագնապի այս ազդանշանը և փորձում ենք այնպիսի դիրք գրավել, որը մեզ բավարար չափով կուժեղացնի՝ ՆԱՏՕ-ի շրջանակում մրցունակ լինելու և ինքնուրույն պաշտպանվելու համար»,- նշել է Մերցը։

  • Կիսվել: