Այսօր կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը․ Արայիկ Հարությունյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:
Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ
- առաջնությունը ստացվել է,
- հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը,
- ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ,
- ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,- գրել է նա:


