շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Կարեն Ասրյանի անվան 13-րդ հուշամրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Շանթ Սարգսյանը:

Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Արթուր Դավթյանի հետ:

Երկրորդ և երրորդ տեղերը 7-ական միավորով կիսել են համապատասխանաբար Արթուր Դավթյանը և Ամին Տաբատաբաեին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Կանանց պայքարում էլ լավագույն արդյունքը ցույց է տվել Մարիամ Մկրտչյանը՝ վաստակելով 6 միավոր:

Հուշամրցաշարին 8 երկրի՝ Հայաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի և Ռուսաստանի շուրջ 100 շախմատիստ է մասնակցել: Ընդ որում, ռուսաստանցի շախմատիստները հանդես են եկել ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ էին: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունեին Հրանտ Մելքումյանը (2655), իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստների համար: Պարգևատրվել են նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ:

 

  • Կիսվել: