հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քննարկվել են 2023-ի Համահայկական 8-րդ խաղերի մի քանի մարզաձևերն Արագածոտնում անցկացնելու վերաբերյալ հարցեր

Քննարկվել են 2023-ի Համահայկական 8-րդ խաղերի մի քանի մարզաձևերն Արագածոտնում անցկացնելու վերաբերյալ հարցեր

Արագածոտնի մարզպետարան են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և խաղերի կազմակերպման պատասխանատուները։

Այցի նպատակը 2023թ․ օգոստոսին կայանալիք խաղերի կազմակերպմանը, մասնավորապես, Արագածոտնի մարզում մի քանի մարզաձևերի անցկացմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։

Ողջույնի խոսքում մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Համահայկական խաղերի պատասխանատուներին և պատրաստակամ, մոբիլիզացնելով առկա ուժերը, հնարավորինս աջակցելու համահայկական մեծ իրադարձությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին։

Մարզպետը հավանություն է տվել խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարին։

Իշխան Զաքարյանը նշել է՝ Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, իսկ մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Խաղերը մարզերում անցկացնելու գաղափարը միտված է ՀՀ բնակավայրերն աշխուժացնելուն ու զարգացնելուն։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ Համահայկական խաղերը Հայաստան-Սփյուռք կապը սերտացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու միջոց է:

Համայնքապետերը ներկայացրել են համապատասխան համայնքներում առկա ենթակառուցվածքներն ու դրանք մինչև հաջորդ տարի զարգացնելու հնարավորությունները։

Մարզպետն ու համայնքապետերը վստահեցրել են, որ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու կանեն հնարավորը՝ Համահայկական խաղերին ընդառաջ մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։

Այսպիսով, խաղերի կազմակերպման գործընթացի մեկնարկը տրված է, առջևում կազմակերպիչների հետ Արագածոտնի մարզպետարանի և համայնքապետարանների ակտիվ աշխատանքներն են։

  • Կիսվել: