Փաշիկ Ալավերդյան. «Այլևս չեմ ցանկանում աշխատել Հայաստանի հավաքականում»
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2014 թվականից գլխավորող Փաշիկ Ալավերդյանը Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո ցանկանում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին 70-ամյա մասնագետը հայտարարել է VNews-ի հետ հարցազրույցում։
Փորձառու մազիչը նշեց, որ հոգնել է ծանրամարտի շուրջ ձևավորված մթնոլորտից և բազում խնդիրներից, որոնցով հաճախ միայնակ ստիպված է եղել զբաղվել երկար տարիների ընթացքում։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 7 ծանրորդով և երկու բրոնզե մեդալ նվաճել երկամարտում։ Երրորդ տեղն էին գրավել Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։ Գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն էր դարձել այս տարվա աշնանից Բահրեյնը ներկայացնող գյումրեցի Գոռ Մինասյանը։
- Աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների արդյունքները կարծես շատ համեստ էին։ Ինչպե՞ս եք գնահատում մարզիկների ելույթները։
- Շատ վատ։ Ինձ համարում եմ պարտված։ Իսկ պարտվածները պետք է հեռանան։ Պատրաստ եմ հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից։ Ես և իմ մարզչական կազմը պարտված ենք։
- Ինչո՞վ էր պայմանավորված նման ելույթը։
- Պայմանավորված է նրանով, որ չկարողացանք լավ պատրաստել այդ երեխաներին։ Ես և իմ մարզչական կոլեկտիվն ենք պատասխանատու դրա համար։
- Նախկինում կարողանո՞ւմ էիք լավ պատրաստել, իսկ հիմա չկարողացա՞ք։
- Հավաքականը գլխավորեցի այն պահին, երբ աշխարհում խստացրեցին պայքարը դոպինգի դեմ։ Աշխարհում առաջիններից մեկը, անգամ կասեի՝ ամենաառաջինը, ես հրաժարվեցի դոպինգներից և արգելված նյութերից։ Դրա արդյունքում իմ մարզիկները սկսեցին արագորեն ուժեղանալ՝ ի տարբերություն այն երկրների ներկայացուցիչների, որոնք դեռ չէին հրաժարվել այդ ամենից։ Հասցրեցի այն մակարդակին, որ առանց դոպինգի սկսեցին անել այն, ինչ մինչև այդ անում էինք խթանիչներով։ Միայն մի քանի տարի անց այլ երկրներում՝ հասկանալով, որ այլընտրանք չունեն, բռնեցին մաքրման ճամփան։ Սկզբում դա ուղեկցվում է արդյունքների անկմամբ, որից հետո լուրջ ջանքերի միջոցով արդյունքները հետզհետե աճում են։ Մարդիկ ջանացին, ուժեղացան և շրջանցեցին ինձ։ Հիմա կհարցնեք՝ ինչու։ Պատասխանեմ։ Մարզիչը պետք է ուղղորդի մարզիկին, մատնանշի սխալները։ Եթե չի ասում, նշանակում է ինքն էլ չգիտի, որ այսինչ բանը սխալ է արվում։
- Իսկ դուք ինչո՞ւ չեք ասել։
- Որովհետև այդքան է իմ գիտելիքների պաշարը։ Շնորհակալ եմ բոլորին։ Այլևս չեմ ցանկանում աշխատել հավաքականում։ Այդ մասին կհայտարարեմ նաև դեկտեմբերի 23-ին ՀԱՕԿ-ի նախաձեռնած պարգևատրման արարողության ժամանակ։
- Տեսնո՞ւմ եք այն մարդուն, ով կարող է արժանիորեն փոխարինել ձեզ։
- Չեմ ուզում խոսել այդ մասին։ Ինձ ամենաարժանի փոխարինողը ես եմ։ Եթե արժանի փոխարինող եք ուզում, հեռացրեք ինձ շրջապատող բոլոր մարդկանց։ Ես միայնակ կաշխատեմ ու ավելի լավ, քան երբևէ։ Սակայն, հաշվի առնելով, որ դա տարբեր պատճառներով անհնարին է, այլևս չեմ ցանկանում աշխատել։
- Գտնո՞ւմ եք, որ որևէ բան փոխելը կամ շտկելն անհնար է։
- Այո։ Այս իրավիճակում անհնար է։
- Ամեն դեպքում, փորձենք վերլուծել հայ ծանրորդների ելույթները։ Սկսենք, թերևս, Անդրանիկ Կարապետյանից (89 կգ)։
- Նա հեռացված է հավաքականից։ Նա այլևս չի լինի հավաքականում։ Անցնենք հաջորդին։
- Պատճա՞ռը։
- Նա չի կարողանում հաջողության հասնել։ Ճիշտ է՝ ունի վնասվածքներ, բայց իմ օրոք նա այլևս չի լինի հավաքականում։ Եթե այլ մարզիչ նշանակվի, գուցե հրավիրի։
- Ի՞նչ կասեք նույն քաշային կարգում հանդես եկած Վարդան Մանուկյանի մասին։
- Նա հրաշալի տղա և մարդ է, բայց չի ձգում հավաքականի մակարդակին։ Դա իմ անձնական կարծիքն է։
- 96 կգ քաշային կարգում ելույթ ունեցան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ 89 կգ քաշային կարգում 2019թ․ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, արդյունավետ կատարելով 6 մոտեցումներից 2-ը, երկամարտում գրավեց 6-րդ տեղը։ Իսկ Հովհաննիսյանը զրո ստացավ հրում վարժությունում։ Ո՞րն էր նման մասնակցության պատճառը։
- Աշխարհի նախկին չեմպիոն Մկրտչյանը հանդես եկավ իր հնարավորությունների սահմանում։ Իսկ Դավիթը մեկնարկից երեք օր առաջ ուշագնաց էր եղել լոգարանում։ Կարծես, նրա ողերին ճաք է առաջացել։ Երեք օրում մի կերպ կարողացանք ոտքի հանել. օգնեց (բնականաբար, վճարովի) Ուզբեկստանի հավաքականի մերսողը։ Հովհաննիսյանը, չմարզվելով այդ ընթացքում, բարձրացավ մրցահարթակ, արդյունավետ կատարեց պոկում վարժության առաջին մոտեցումը և չկարողացավ շարունակել ելույթները։ Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո հանեցինք պայքարից։ Այդ վիճակում կարողացավ իր հնարավորությունների 80 տոկոսի սահմանում կատարել պոկում վարժությունը։ Դա քիչ չէ։
- Սամվել Գասպարյանը (102 կգ), նույնպես արդյունավետ կատարելով երկու մոտեցում, դարձավ պոկում վարժության և երկամարտի բրոնզե մեդալակիր։ Նրան ընդամենը 2 կգ բաժանեց չեմպիոնի տիտղոսից։ Գրանցված արդյունքը նրա ուժերի սահմա՞նն էր։
- Սամվելն առաջին անգամ երկամարտի գումարով դարձավ մեծահասակների աշխարհի առաջնության մրցանակակիր։ Ճիշտ եք՝ շատ մոտ էր չեմպիոն դառնալուն։ Զայրացած եմ նաև այն պատճառով, որ այդքան ասելուց և բացատրելուց հետո մարզիկները միևնույն է տեխնիկապես սխալ են կատարում վարժությունը։ Պարզապես, մարզումների ընթացքում պետք է փորձենք կրճատել նախավերջին և վերջին մոտեցումների տարբերությունը։ Ասենք՝ 180-ից հասցնենք 185 կգ-ի, բայց ոչ 195-ի և ավելիի։ Իսկ Սամվելի դեպքում եղավ նաև մրցավարական սխալ. պոկում վարժության նրա երկրորդ մոտեցումը չհաշվեցին, իսկ տեխնիկապես ավելի կոպիտ կատարումով աչքի ընկած ամերիկացունը՝ հաշվեցին։ Այսինքն՝ մեր ծանրորդին զրկեցին ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Շատ հեշտ է մարզիկին հանել հունից՝ մանավանդ, երբ առաջին անգամ է հավակնում աշխարհի չեմպիոնի կոչմանը։
- Ինչպե՞ս եք գնահատում գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայանի և Սիմոն Մարտիրոսյանի ելույթները։
- Լալայանն անցյալ տարի դարձել է արծաթե, այս տարի՝ բրոնզե մեդալակիր։ Սակայն, 5-6 կիլոգրամով բարելավել է 2021 թվականի արդյունքը։ Նրա մրցակիցներ Գոռ Մինասյանը և Լաշա Տալախաձեն ավելի ուժեղ էին։
- Հետաքրքիր էր, որ հրում վարժության ժամանակ Լալայանը երկու անգամ չբարձրացրեց 245 կգ կշռող ծանրաձողը, սակայն հետո գլխավերևում պահեց 246 կիլոգրամը։ Արդյունավետ մոտեցումը պայմանավորված էր ուժերի գերլարումո՞վ։
- Զարմանալի չէ. դա վկայում է մարզչական ճիշտ տակտիկայի մասին։ Երբ տեսնում ես, որ մարզիկը 245 կգ չի բարձրացրել և կարող է զրկվել ավելի բարձր տեղ գրավելու հնարավորությունից, ապա վերջին մոտեցմանը պետք է վա-բանկ գնալ։ Դրա շնորհիվ էլ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց։ Իհարկե, կար 0 ստանալու ռիսկ, բայց ինչ տարբերություն՝ 245-ով զրո կստանա՞ս, թե՝ 246-ով։
Իսկ Սիմոնն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ շատ ենք խնդրել, որ մասնակցի։ Ողնաշարն ամբողջությամբ պատված է ճողվածքներով։ Նա արեց գրեթե անհնարինը։ Ինչո՞ւ մասնակցեց։ Որովհետև օլիմպիական վարկանիշային միավորներ ստանալու համար անհրաժեշտ էր առնվազն ընդգրկվել առաջին ութնյակում։ Այդպես էլ եղավ։ Հետագայում պարզ կդառնա, թե այդ քաշային կարգում ով է ներկայացնելու մեր երկիրն Օլիմպիական խաղերում։
- Հսկաների պայքարում Բահրեյնին արծաթե մեդալ բերեց Գոռ Մինասյանը։ Հիմա չե՞ք ափսոսում, որ գյումրեցին ելույթները շարունակում է այլ երկրի դրոշի ներքո։
- Դրա համար եմ ասում, որ սխալվել եմ։ Նման հայտարարություն անողներին հրավիրում եմ գլխավորելու ազգային հավաքականը։ Ես նրանց չափ չէի հասկանում։ Բազմիցս եմ նշել, որ Գոռը միակ ծանրորդն է, որը մրցահարթակ է դուրս գալիս վարժությունը հաջող կատարելու նպատակով։ Այդպիսի մարզիկներ շատ քիչ կան։ Նա միշտ իր հնարավորություններից բարձր է մասնակցում, որովհետև հոգեպես հզոր մարդ է, կարողանում է կենտրոնանալ և հանդես գալ ամբողջական ներդրումով։ Իսկ, օրինակ, Լաշան պարզապես ունի անչափ մեծ հնարավորություններ։
- Այդ դեպքում ինչո՞ւ այլ երկրի զիջեցինք նման եզակի մարզիկին։
- Որ հետո չասեն, թե ինչու մրցումների չեմ տանում աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին կամ աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանին։ Այդ երկու մարզիկները ժամանակին հաղթել են Մինասյանին։ Հունիսի սկզբին Լալայանն առաջ անցավ Մինասյանից։ Այդ պարագայում ինչպիսի՞ն պետք է լիներ ընտրությունս։ Այ, հենց նման դատողություններն ու միջամտություններն են մարզչին ստիպում հիասթափվել իր աշխատանքից։ Հիմա դաշտը բաց կլինի. թող մեկնաբանողները գան և գլխավորեն հավաքականը։