Մենք սահմաններ չունենք. Վլադիմիր Սանոսյանը՝ Չեխիայի դեմ պատմական հաղթանակի և թիմային ոգու մասին
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ և Չեխիայի դեմ խաղում կարևորագույն գոլի հեղինակ դարձած Վլադիմիր Սանոսյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլում տոնած փառահեղ հաղթանակը, գրում է armsport.am-ը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին կամային պայքարում 5:4 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հետխաղյա մեկնաբանությունում Սանոսյանն ընդգծել է թիմի միասնականության գործոնը․
«Սա պատմական հաղթանակ է։ Խաղը շատ բարդ ստացվեց, բայց հիանալի է, որ մենք չընկճվեցինք։ Կարողացանք վերադառնալ խաղի մեջ և հաղթանակ կորզել։
Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և հենց դա է պատճառը, որ կարողանում ենք հասնել նման նվաճումների։
Որո՞նք են այս թիմի սահմանները․ մենք սահմաններ չունենք։ Շարունակելու ենք զարմացնել ֆուտզալի երկրպագուներին և մեր երկրին»։
Հիշեցնենք, որ B խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 28-ին ուժերը կչափի Լիտվայի ընտրանու հետ։


