Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը. աշխատակիցները կարող են գործադուլ սկսել
Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը՝ IG Metall-ը, մերժել է գործատուների՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախնական առաջարկը և նախազգուշացրել հնարավոր գործադուլների մասին: Այս մասին տեղեկացնում է գերմանական dpa գործակալությունը։
Նշվում է, որ բանակցություններն ընդգրկում են մետաղամշակման և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ավելի քան 3,7 միլիոն աշխատողների՝ ներառյալ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոմոբիլային հատվածը։
«Այդ առաջարկը չափազանց ուշ է ներկայացվել, այն չափազանց համեստ է, նախատեսված է չափազանց երկար ժամկետի համար և ապագայի համար գրեթե ոչինչ չի տալիս»,- հայտարարել է Հյուսիսային Ռեյն -Վեստֆալիայում IG Metall-ի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Կնուտ Գիսլերը։
Նրա խոսքով՝ գործատուների առաջարկը էապես չի համապատասխանում աշխատողների սպասումներին, ուստի արհմիությունը կտրականապես մերժել է այն։
Ինչպես հաղորդվում է՝ գործատուների Gesamtmetall միավորումն առաջարկել է 2028 թվականի հուլիսից մշտապես բարձրացնել սակագնային դրույքաչափերը 1,3%-ով։ Հաջորդ տարվա համար հուլիսին նախատեսված է միանվագ վճարում՝ մինչև հարկերի պահումը միջին տարեկան աշխատավարձի 1%-ի չափով։ Միևնույն ժամանակ, վնասով աշխատող ընկերությունները կարող են չվճարել այդ գումարը։
Արհմիությունում, սակայն, կարծում են, որ նման պայմանները, հաշվի առնելով գնաճը, կհանգեցնեն աշխատողների իրական եկամուտների հետագա նվազմանը։
Բանակցությունների երկու փուլից հետո նախազգուշական գործադուլների հավանականությունն աճել է։ Դրանք կարող են սկսվել արդեն կիրակի, երբ կլրանա օրենքով սահմանված այն ժամկետը, որի ընթացքում գործադուլների անցկացումն արգելված է։



