երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կրկնապատկվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ)` աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի՝ պարալիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնություն և սուրդլիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի երիտասարդական առաջնություն բաժինների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները:

Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ:

Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 13-ի դրությամբ նվաճել են 435 մեդալ, այդ թվում ՝ 122 ոսկե, 122 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները, որոնք գործող Որոշման մեջ բացակայում են: Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին հասանելիք թոշակը տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» միջոցառմանը նախատեսված է 624 346.2 հազար դրամ: Հաշվի առնելով 2022 թ. Հայաստանի հավաքականի մարզիկների ցուցաբերած արդյունքները՝ ավելի քան 280 շահառու, ինչպես նաև ձեռք բերած վարկանիշները՝ միջոցառման համար պահանջվող գումարը կազմում է 736 772.3 հազար դրամ:

  • Կիսվել: