ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ում ամփոփվել են 2022 թ. ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները

ԿԳՄՍՆ-ում ամփոփվել են 2022 թ. ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2022 թվականի ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասսայական սպորտի միջոցառումների մասնակիցների թիվը կավելանա.

«Ամբողջ տարվա ընթացքում բավական աշխատանք եք կատարել: Կարծում եմ՝ պետք է օգնենք միմյանց և ամեն ինչ անենք, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա:

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի ոլորտին:

Ծախսվում են մեծ գումարներ, իրականացվում են շինարարական ծավալուն աշխատանքներ: Արեք ամեն ինչ, որպեսզի մենք հետագայում ավելի շատ մարզադպրոցներ և մարզադահլիճներ կառուցենք, քան հիվանդանոցներ, իսկ դրանք սերտ կապված են իրար հետ, քանի որ առողջ լինելու ամենաարդյունավետ ճանապարհը մարզվելն է: Պետք է մասսայական սպորտի միջոցառումներն ավելի բարձր մակարդակով անցկացնենք, իսկ հետո բոլորս միասին վայելենք պտուղները»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ է շնորհել մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներին:

3-րդ տեղ` Կոտայքի մարզը 655 միավոր (250 հազար դրամ),

2-րդ տեղ` Շիրակի մարզը 670 միավոր (350 հազար դրամ),

1-ին տեղ` Երևան քաղաքը 845 միավոր (450 հազար դրամ՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար):

Շնորհակալագրերով և մարզագույքով են պարգևատրվել նաև 4-ից 12-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետությանն ներկայացուցիչները:

Միաժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հինգ մրցաշարերի, «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա»-ի 8 մարզաձևերի և 2022 թվականին անցկացված նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի գլխավոր մրցավարները՝ մրցումները և մրցաշարերը լավագույնս անցկացնելու համար:

2022 թվականին անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մրցաշար, Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, 7-12-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ սպարտակիադա, իսկ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում անցկացվել են հանրապետական ռազմամարզական խաղեր:

2022 թվականին «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին մասնակցել է 5234, իսկ նախարարության կողմից կազմակերպված բոլոր զանգվածային միջոցառումներին՝ 56,482 մարդ:
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով:
ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով, դրանց մասնակցել է շուրջ 20 հազար աշակերտ:

Եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում: Եզրափակիչ փուլին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ուժեղագույն 11 դպրոց: Ռազմամարզական խաղերին մրցանակային 1-ին տեղը գրավել է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղը Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը և 3-րդ տեղը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան անցկացվել է 4 փուլով. 1-ին փուլը՝ դպրոցներում, 2-րդ փուլը՝ համայնքներում, 3-րդ փուլը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 8 մարզաձևերից: Սպարտակիադային ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 19,188 աշակերտ:

  • Կիսվել: