Ինչպես է Մեսսին հայտնվել Կամպ Նոուում. Բարսելոնայում դեռ փորձում են հասկանալ
«Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսիի անակնկալ այցը դեպի վերանորոգված «Կամպ Նոու» զարմացրեց ամբողջ ֆուտբոլային հանրությանը։ Կատալոնացիների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն իր Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել «Կամպ Նոու» գիշերային այցից, ինչը լիակատար խառնաշփոթ է առաջացրել Բարսելոնայում, քանի որ ոչ ոք տեղյակ չէր արգենտինացու այցի մասին, գրում է armsport.am-ը:
«Բարսելոնայի» աղբյուրները Sport.es-ին հայտնել են, որ ոչ ոք տեղեկացված չի եղել Մեսսիի մարզադաշտ ժամանման մասին։ Արգենտինացու գրառումը արագ տարածվել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ ակումբի ղեկավարությանը թողնելով շփոթության մեջ։ Նրա մարզադաշտ մտնելու եղանակը դեռևս անհայտ է։ Ակումբն այժմ փորձում է պարզել, թե ով կարող էր օգնել Մեսսիին։ Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ արգենտինացին այս այցը չի համաձայնեցրել ակումբի որևէ մեկի հետ, այլ այն իրականացրել է սեփական նախաձեռնությամբ։
Մեսսին «Կամպ Նոու» է այցելել նոյեմբերի 9-ի երեկոյան։ Նա կմիանա Արգենտինայի հավաքականին՝ նախապատրաստվելով Անգոլայի դեմ ընկերական խաղին, որը կկայանա նոյեմբերի 14-ին Իսպանիայում։
Նշվում է, որ այս պահին միակ հավանական վարկածն այն է, որ Լեոյին մարզադաշտ մտնելու հարցում օգնել է Limak Construction ընկերության անձնակազմը, որը զբաղվում է մարզադաշտի վերանորոգմամբ։


