Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին: Այս մասին հաղթանակից հետո նա ասել է լրագրողների հետ զրույցում:
՛՛Հետաքրքիր առաջնություն ստավեց ու ադրենալինով լի: Ես լավ էի պատրաստվել, ինչը տվեց իր արդյունքը: Երկարատև մարզումների արդյունք էր: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք և պատրաստ էինք: Երկուսիցս որն էլ լիներ չեմպիոն, տարբերություն չկար: Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին՛՛,-նշել է Եվրոպայի չեմպիոնը:
Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ է օգնել իրենց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով անհասանելի դառնալով մրցակիցների համար: Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով: