ՀՀՖ-ն արձագանքել է հրաձգության Ադրբեջանի հավաքականի՝ Երևան չժամանելու մասին լուրերին
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ին կայանալիք՝ Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հետ:
«Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Խնդրում ենք հետևել միայն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հրաձգության Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան հայտարարել էր, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։


