ՀՖՖ-ն մեկնաբանել է Զախարյանի քաղաքացիությունը փոխելու մասին լուրերը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին տեղեկությունը։
Ավելի վաղ հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը հայտնել էր, որ Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, որից հետո կարող է փոխել նաև սպորտային քաղաքացիությունը։
«Այս մասին կարող եք հարցնել Հրաչ Խաչատրյանին կամ Արսեն Զախարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի «Դինամոն» նույնպես հրաժարվել է մեկնաբանել այս թեման։
Զախարյանը 19 տարեկան է, նա «սպիտակ-կապույտների» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանն ունի ինը հանդիպում, մեկ գոլ, երկու գոլային փոխանցում և մեկ կարմիր քարտ։
Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Նա հավաքականում չորս հանդիպում է անցկացրել, որոնցում կատարել է մեկ արդյունավետ փոխանցում։