կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հերոսի հիշատակը վառ. կայացավ Սիմոն Իսրայելյանի ամենամյա հուշամրցաշարը

Հերոսի հիշատակը վառ. կայացավ Սիմոն Իսրայելյանի ամենամյա հուշամրցաշարը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում այս օրերին հատկապես մարդաշատ էր։ Լինելով մայրաքաղաքի համայնքի թիմ՝ իր երկարամյա ավանդույթներով, «Ուրարտուն» միշտ երկրպագուների հստակ բանակ ունի, որն անկախ եղանակային պայմաններից՝ գալիս ու ստադիոնից հետևում է ցանկացած խաղի, որը տեղի է ունենում մարզաբազայի որևէ խաղադաշտում։ «Մալաթիացին պետք է Մալաթիայի թիմին երկրպագի», — հայտարարում են երկրպագուները, գրում է armsport.am-ը:

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը նույնպես դասվում էր այդ երկրպագուների շարքին։

Նվիրված լինելով ոչ միայն ակումբին, այլև հայրենիքին, երկրի սահմանների պաշտպանման կանչով մեկնած Սիմոնն անմահացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հենց նրա հիշատակին նվիրված՝ «Ուրարտուն» կազմակերպում է նրա անվան հուշամրցաշար, որը կայացավ այս օրերին։ Սիմոն Իսրայելյանը «Ուրարտուի» համակարգում աշխատել է 2014 թվականի հունվարից։ Նա եղել է ակումբի տնտեսվարը, այնուհետև՝ մարզաբազայի ադմինիստրատոր։ 2020-ի ռազմական գործողությունների մեկնարկի մասին լսելուց հետո Սիմոնն «Ուրարտուի» անձնակազմից առաջիններից էր, որը շտապեց ռազմաճակատ։

Սիմոնն Արցախի ճանապարհը բռնեց սեպտեմբեր 29-ին։ Պահեստազորի լեյտենանտը հերոսաբար կռվեց սանձարձակ թշնամու հետ մինչև հոկտեմբերի 10-ը։ Տևական ժամանակ նրա գտնվելու մասին տեղեկություն չկար։ Սիմոն Իսրայելյանի մարմինը գտնվեց միայն 2020 թվականի դեկտեմբերին, իսկ նույնականացվեց 2021-ի փետրվարին։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը, ստացվեց այնպես որ հուղարկավորության օրը՝ փետրվարի 5-ին «Ուրարտուն» ընկերական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ, այդ խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել Սիմոն Իսրայելյանի պատկերով մարզաշապիկներով, խաղը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։

Այդ խաղում «Ուրարտուի» կազմում միակ ու հաղթական գոլի հեղինակ դարձած Ջեյմս Սանթոսը գոլից հետո խաչակնքվեց ու ձեռքերը պարզեց երկինք։ Խաղից հետո Սանթոսն իր ինստագրամյան էջում գրեց հետևյալը․ «Խփածս գոլը նվիրում եմ ընկերոջս, որը հերոսաբար մահացավ՝ պաշտպանելով իր հայրենիքը։ Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր»։ Սանթոսն այդ խաղի իր մարզաշապիկը հետագայում նվիրեց Սիմոն Իսրայելյանի ընտանիքին։

Սիմոն Իսրայելյանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեին ակումբի բոլոր աշխատակիցները՝ միշտ ընկերասեր, օգնությանն առաջինը հասնելու պատրաստակությամբ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կայքի խմբագիր Նելլի Մելքոնյանի խոսքով, Սիմոնի պես դրական մարդ ակումբի տարածքում դժվար էր գտնել։ Ուստի պատահական չէ, որ նրան նվիրված հուշամրցաշարի անցկացումը զուտ ժամանակի հարց էր։

«Սիմոնն առաջին մարդն է եղել, որին տեսել եմ ակումբում ու որն ինձ «դիմավորել է» «Ուրարտու» ոտք դնելիս։ Դրական ու շատ հանգիստ մարդ էր, լավատես, միշտ ժպիտը դեմքին, ու հենց իրեն բարևելու պահից էլ դա զգացի։ Լեյտենանտի կոչում ուներ, դրա համար առանց մի վայրկյան վարանելու մեկնեց ռազմաճակատ։ Օրեր անց արդեն կապը կտրվեց, նրանից ոչ մի լուր չունեցանք, իսկ հետո, երբ լսեցինք նրա մահվան լուրը, ակումբում քար լռություն էր տիրում… 

Մեր նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ 2021-ից որոշում ընդունվեց դնել Սիմոնին նվիրված հուշամրցաշարերի սկիզբը։ Մարտ ամսին արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է մրցաշարը հայաստանյան տարբեր թիմերի մասնակցությամբ, իսկ մայիսին կկայանա արդեն մասշտաբային բնույթ կրող միջազգային մանկապատանեկան մրցաշարը։ Սա նվազագույնն է, ինչը կարող էինք մենք անել՝ նրա հիշատակը միշտ վառ պահելու համար», — պատմում է Նելլի Մելքոնյանը։

Նրա հիշատակը վառ պահելու համար ակումբում որոշվեց անցկացնել հուշամրցաշար, որի մեկնարկը տրվեց 2022 թվականի մարտի 9-ին՝ Սիմոնի ծննդյան օրը։ Ու արդեն երրորդ տարին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի անվան հուշամրցաշարը, որն անցկացվեց մարտի 13-17-ը։ Այս տարվա մասնակիցներն էին «Ուրարտու-մարզիչներ», «Ազատության արծիվներ», «Փյունիկ», «Հայաստանի լրագրողների թիմ», «Ուրարտու-վետերաններ», «Հայաստանի վետերաններ», «Սաութ-Վեստ Ուլտրաս» և «Արտաշատ» թիմերը։

Մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում «Արտաշատ» թիմը պարտության մատնեց «Հայաստանի լրագրողներ» թիմին։ Եզրափակիչ խաղում իրար հետ մրցեցին «Ուրարտու-մարզիչների» և «Ուրարտու-վետերանների» թիմերը։ Համառ ու անզիջում պայքարում վետերանները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Մեկական անգամ գոլով աչքի ընկան Վահագն Այվազյանն ու Արսեն Բալաբեկյանը։

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ «Ուրարտու-վետերանների» դարպասապահ, գլխավոր թիմի դարպասապահների մարզիչ Ստեփան Ղազարյանը, իսկ «մարզիչների» հարձակվող Արթուր Բարսեղյանը 8 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Մեզ հետ զրույցում Ստեփան Ղազարյանը, որն իր կարիերայի մեծամասնությունն անցկացրել է «Ուրարտուի» մարզաշապիկով, վաղուց է ճանաչել Սիմոն Իսրայելյանին։ Հետխաղյա զրույցում Ղազարյանն առաջնահերթ մատնանշել է Սիմոնի ծնողներին՝ նշելով, որ ամեն ինչ սկսվում է ճիշտ դաստիարակությունից։

«Այս մրցաշարն ակումբի համար նույնքան մեծ ու կարևոր նշանակություն ունի, որքան Բարձրագույն խմբի առաջնության որևէ խաղ։ Սիմոն Իսրայելյանն իր կյանքն է նվիրել հանուն հայրենիքի։ Իսկ ի՞նչն է մարդու համար ամենաթանկը՝ իր կյանքը, որը մենք մեկ անգամ ենք ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալությույն հայտնել Սիմոնի ընտանիքին՝ նման զավակ մեծացնելու և դաստիարակելու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ եղել ենք ակումբակիցներ ու ամեն տարի մեծագույն հպարտությամբ ենք մասնակցում իր անվան մրցաշարին», — ասել է Ստեփական Ղազարյանը։

Մրցաշարի ավարտից հետո Սիմոն Իսրայելյանի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը դիմել է բոլոր մասնակիցներին՝ հայտնելով իր երախտիքի խոսքը։ Նրա կարծիքով՝ մարդու հոգին մեզ հետ է։

«Ես անսահման հպարտություն եմ զգում, քանի որ իմ որդու անունը չի մոռացվում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ Սիմոնի հիշատակը վառ պահելու համար։ Շատ հաճելի է, որ ակումբում նրան հիշում են ու գնահատում են նրա կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ», — ասել է Սիմոն Իսրայելյանի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը։

Հաղթող թիմի ավագ և խաղացող մարզիչ Արամ Հակոբյանը Սիմոն Իսրայելյանի հետ կողք կողքի մասնակցել է «Ուրարտուի» զարգացման ու կայացման ամենաբարդ աշխատանքներին։ Ուստի նրան նվիրված մրցաշարում հաղթելը մեծ նշանակություն ուներ Արամ Հակոբյանի համար։

«Ամենակարևորը մեր հարգարժան Սիմոնի, մեր հերոսի հիշատակը վառ պահելն է։ Մենք ամեն անգամ հավաքվում ենք, նրա անվան համար ենք խաղում։ Միևնույն ժամանակ մենք, որպես նախկին ֆուտբոլիստներ, ցանկացած մրցաշարին, որին ներգրավվում ենք, ունենք հաղթելու հստակ նպատակ։ Մենք շատ լուրջ էինք մոտեցել մրցաշարին, դրա համար էլ վստահ հաղթանակ տարանք։

Բայց ասեմ, որ մրցաշարն անցավ շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում, որովհետև մենք բոլորս Սիմոնին շատ լավ ճանաչել ենք ու փորձել ենք հնարավորինս լավ հանդես գալ։ Նրա անվան հուշամրցաշարին մասնակցելը մեզ՝ վետերաններիս տալիս է նորից միասին հավաքվելու ու ֆուտբոլի բերկրանքը վայելելու բացառիկ հնարավորություն», — ասել է Արամ Հակոբյանը։

Եզրափակիչ հանդիպումից հետո բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվավոր գավաթով, որոնք հանձնեցին Սիմոն Իսրայելյանի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

Հավելենք, որ ավանդույթի համաձայն, մայիսին կկայանա արդեն Simon Cup միջազգային մանկապատանեկան մրցաշարը։

  • Կիսվել: