երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները:

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-31-ը Սան Մարինոյում: Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում:

Կանանց Մ20 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է B դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

  • Կիսվել: