կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը առաջին գոլը խփեց ֆուտբոլի կանանց ԱԱ-2023-ում

Հայաստանը առաջին գոլը խփեց ֆուտբոլի կանանց ԱԱ-2023-ում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը աշխարհի 2023թ առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում հանդիպեց Կոսովոյի ազգային թիմի հետ: Պրիշտինայում կայացած խաղն ավարտվեց տանտիրուհիների առավելությամբ՝ 2:1:

Մեր ընտրանին վերջապես բացեց գոլերի հաշիվն ընտրական այս փուլում: Դա արեց Կոսովոյի ֆուտբոլիստուհի Բլերտա Սմաիլին, որը 77-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը: Իսկ 78-րդ և 87-րդ րոպեներին Վալենտինա Մետայը և Դոնյետա Հալիլայը գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը և կամային հաղթանակ պարգևեցին իրենց երկրին:

Մեր թիմը կրեց 9-րդ անընդմեջ պարտությունը ընտրական մրցաշարում և վերջնականապես հաստատվեց վերջին՝ 6-րդ տեղում: Կոսովոյի հավաքականը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին: Այդ օրը մերոնք սեփական դաշտում կընդունեն Բելգիայի ընտրանուն, որը 19 միավորով ընթանում է 2-րդ տեղում և Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում է 1-ին հորիզոնականի համար:

  • Կիսվել: