ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:

Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները։ Հանդիպման 15-րդ րոպեին մեր թիմը լավ գրոհ կազմակերպեց, սակայն այն արդյունավետ ավարտի մեր խաղացողները չհասցրեցին, իսկ երկրորդ տեմպով սկսած գրոհն արդյունքում անավարտ մնաց՝ խաղից դուրս վիճակի դրվագի պատճառով։ Տասը րոպե անց մեր թիմը ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Տիկնիզյանի հարվածը շեղ ստացվեց։

Հանդիպան 30-րդ րոպեին մեր թիմը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց․ սակայն Բիչախչյանի ոչ շատ ուժեղ, բայց դիպուկ հարվածը որսաց մրցակցի դարպասապահը։ Ի տարբերություն մեր ֆուտբոլիստների, կիպրոսցիները խաղակեսի առաջին հատվածում բավականին պասիվ էին առջևի գծում։ Հետագայում, 40-րդ րոպեին, ճիշտ է, նրանց հաջողվեց գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը, սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս իրավիճակ։ Իսկ քիչ անց նրանց հաջողվեց ևս մեկ արագ հակագրոհ կազմակերպել, վաստակել անկյունային հարված, որի խաղարկումից հետո էլ գրանցվեց այս խաղում առաջին և դեռևս միակ գնդակը։

Քիչ անց մեր թիմը լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն լուսատախտակին թվերը մնացին անփոփոխ։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում հյուրերը կարող էին խփել երկրորդ գոլը, սակայն նախ Բուչնևը փրկեց, հետո պաշտպանները հեռացրին գնդակը:

Րոպեներ անց Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց, Նաիր Տիկնիզյանի շրջադարձ հարվածը բարձր ստացվեց:

51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Րոպեներ անց Բավարիա 2-ի հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:

82-րդ րոպեին տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշտռությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրոս Կրիստոֆին:

89-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց: Տիգրան Բարսեղյանը կարող էր մեն-մենակ դուրս մնալ դարպասապահի դիմաց, սակայն մրցակցի պաշտպանը խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից: Նշանակված տուգանայինն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, որի հարվածն ուղիղ մրցակցի դարպասապահի վրա էր:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը ևս մեկ տուգանայինի իրավունք ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո գնդակ փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից:

Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց: Նախորդ խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիայի հավաքականին:

  • Կիսվել: