հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, եթե խաղերից հետո ակցիաները շարունակվեն

«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, եթե խաղերից հետո ակցիաները շարունակվեն

Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, եթե ֆուտբոլասերները շարունակեն ֆուտբոլային հանդիպումներից հետո տարատեսակ ակցիաներ անել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով, որ այդ դեպքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում ։
Նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետևանքներով:
 
«Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաև մի շարք քաղաքական ակցիաներ: Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաև անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:
Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, ՀՖՖ–ն դիմում է բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:
Մասնավորապես ծնողներին կոչ են անում թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ, լրատվամիջոցներին` չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութեր և լուսանկարներ:

  • Կիսվել: