երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող

Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում։

Ինչպես հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը՝ զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ են նվաճել։

Պատանեկան մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդական մրցաշարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նորայր Մայրանյանը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Նշվում է, որ հայ սուսերամարտիկներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում: Ավելի վաղ, Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ էին նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկները դեկտեմբերի 21-25-ն էլ Թբիլիսիում կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը:

  • Կիսվել: