Երիտասարդական ԵԱ.Վալերիկ Մովսիսյանը 5-րդն է, Գրիգոր Ղազարյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վալերի Մովսիսյանը երկամարտի 340 կգ արդյունով 5-րդն է (155+185): Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի արդյունք չգրանցեց, հրում վարժությունում պայքարից դուրս եկավ վնասվածքի պատճառով:
Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունը մեկնարկեց 155 կգ-ով, որը հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ եւ երրորդ փորձով ձախողեց 159 կգ-ը: Այս վարժությունում Մովսիսյանը 4-րդն է:
Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը սկսեց 185 կգ-ով, որը հաջող կատարեց: Երկրորդ մոտեցմամբ Մովսիսյանը ձախողեց 191 կգ-ը, երրորդ մոտեցմամբ՝ 192 կգ-ը: Այս վարժությունում 5-րդն է:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում հաջողեց միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 150 կգ: Հաջորդ մետցումներում չկարողացավ պոկել 155 կգ-ը: Այս վարժությունում Ղազարյանը 6-րդն է:
Հրում վարժության առաջին մոտեցմանը Գրիգոր Ղազարյանը չհասցրեց մոտենալ, որի համար մարզիչները պատվիրել էին 180 կգ: Մեկնարկի ազդանշանից հետո Ղազարյանի անվան դիմաց կարմիր լույս վառվեց: Երկրորդ մոտեցմամբ ծանրորդը փորձեց պոկել 180 կգը, սակայն ոտքի վնասվածք ստացավ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) եւ Տիգրան Կարապետյանը (71 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մերի Միսակյան (69 կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):


