կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

Բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է 13 մարզիկ: Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ծաղկաձորյան հավաքը նախատեսված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար. «Գերծանր քաշային կարգում մարզումների ժամանակ զույգերի հետ կապված խնդիր ունեինք, իսկ Լիտվայի և Իսրայելի թիմերի հետ համատեղ աշխատանքով այդ խնդիրը լուծել ենք: Տղաների ֆիզիկական պատրաստությունն այս փուլի համար լավ է: Շարունակում ենք ամենօրյա մարզումները՝ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար»:

Կարեն Աղամալյանն ասում է՝ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ծրագրի. «Կարևորն այն է, որ տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա»: Այս հավաքը թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։

Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։ Մայիսի 7-ից էլ բռնցքամարտիկները մարզումները կշարունակեն Օլիմպավանում՝ մինչև մայիսի 20-ը:

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մայիսի 21-31-ը կանցկացվի Երևանում:

Մարզչի խոսքով՝ Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունենա բոլոր քաշային կարգերում: Այս պահին, թերևս, հարցական է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցությունը, որը ձեռքի վնասվածք ունի ու գտնվում է վերականգնման փուլում:

Երևանում կայանալիք առաջնությունը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Արման Դարչինյանը:

Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ակնկալվում է 30-40 երկրի մասնակցություն՝ շուրջ 280 մարզիկով: Երկրպագուների համար կստեղծվեն ֆան-գոտիներ Կարապի լճին հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում, կտեղադրվի մեծ էկրան:

Եվրոպայի առաջնության մուտքը լինելու է տոմսերով:

  • Կիսվել: