Աշխարհի առաջնությունը նորից ցույց տվեց, որ մեր անփորձ լինելը շատ խորն է․ Հաբեթնակ Կուրղինյան
Որքան էլ մեզ թվում է՝ փորձ ունենք, այս աշխարհի առաջնությունը նորից ցույց տվեց, որ մեր անփորձ լինելը շատ խորն է: Աշխարհի առաջնությունը բավականին բարդ մրցաշար է մեզ համար: Չեմ արդարացնում տղաների ելույթները կամ մեր թերությունները: Արսեն Հարությունյանից ըմբշամարտի ամբողջ աշխարհն էր ոսկե մեդալ սպասում: Թուլացանք եւ նրա հաղթանակին ժամանակից շուտ հավատացինք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սեպտեմբերի 13-16-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը 5 մասնակցով նվաճեց մեկ մեդալ: 4-րդ անգամ բրոնզե մեդալակիր դարձավ հավաքականի առաջատար Արսեն Հարությունյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ չունենալու պատճառները շատ են՝ մարզիչների որակներից մինչեւ մարզիկների ընտրություն:
«Մեկ բրոնզե մեդալով ավարտեցինք պայքարը: Արման Անդրեասյանը գրավեց 5-րդ տեղ: Այս անգամ Արսեն Հարությունյանի հետ կապված բրոնզե ակնկալիքով չէինք գնացել: Կիսաեզրափակիչում մի փոքր վրիպում եղավ: Մինչեւ կիսաեզրափակիչ Արսենն ավելի լուրջ մրցակիցների հաղթեց: Քառորդ եզրափակիչում հաղթեց օլիմպիական մեդալակիր Սփենսեր Լիին, որն ամենաուժեղն էր այս քաշային կարգում:
Ամբողջ ըմբշամարտի աշխարհն էր Արսենից ոսկե մեդալ սպասում: Նրա համար ամեն ինչ շատ լավ էր ստացվել՝ լավ գոտեմարտեր անցկացրեց, ուժեղ մրցակիցների հաղթեց՝: Երեւի՝ բոլորս մի փոքր շուտ հավատացինք:
Արման Անդրեասյանը լավ ելույթներ ունեցավ, հաղթեց բարձրակարգ մարզիկների: Կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի չեմպիոնին, երրորդ տեղի համար պայքարում էլ զիջեց ղրղզ ըմբիշին: Լավ ելույթներ ունեցավ: Արմանից էլ մեդալային ակնկալիք ունեինք: Վազգեն Թեւանյանը նույնպես կարող էր մեդալակիր դառնալ, բայց ձախողեց: Ալիխանյանից, Խնձրցյանից իրականում այդքան էլ մեծ մեդալներ չէինք ակնկալում:
Աշխարհի առաջնությունը բավականին բարդ մրցաշար է մեզ համար: Չեմ արդարացնում տղաների ելույթները կամ մեր թերությունները, ուղղակի Թուրքիայի, Վրաստանի պես երկրները մեդալներ չնվաճեցին:
Այս աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգից իջել էր 57 կգ: Նրա քաշ գցելը մեզ պետք էր, որպեսզի հասկանայինք՝ ինչ սխալներ ենք թույլ տալիս քաշային կարգ իջեցնելիս: Արսենն այս անգամ հատուկ ռեժիմով, սննդակարգով էր իջեցնում քաշը: Ունի սննդաբան, որը զբաղվում է նրա քաշային փոփոխությունով: Այս անգամ, իրոք, նա այլ էր գորգում, այն Արսենը չէր, որը նախկինում էր քաշ գցելիս:
Տեխնիկական թերություններ կան: Կփորձենք նոր մրցաշարերի, մարզումների ընթացքում շտկել: Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնություններին կմասնակցի 57 կգ քաշային կարգում:
Որքան էլ մեզ թվում է՝ մենք փորձ ունենք, բայց այս աշխարհի առաջնությունը նորից ցույց տվեց, որ մեր անփորձ լինելն ինչքան խորն է: Բոլոր առումներով շատ խորն է՝ տղաների քաշ գցելու հետ կապված, մարզիչների, մեզ հետ կապված: Օրինակ՝ Արսենի քառորդ եզրափակիչից հետո, ինձ մոտ էլ ավելորդ ինքնավստահություն կար, որ նա արդեն եզրափակիչում է: Զգոնությունը թուլացրինք: Ոչ միայն ես, այլ նաեւ մյուս մարզիչները, գուցե նաեւ հանդիսատեսը մի պահ բոլորս մտածեցինք, որ ամենաուժեղ մրցակցին հաղթելուց հետո Արսենն արդեն եզրափակիչում է»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաեւ ձախողումների պատճառների, ֆինանսական խնդիրների եւ Հայաստանի առաջնությանը մասնակիցներ չունենալու մասին:
«Այսպիսի ձախողումների պատճառները շատ են: Մարզումներում փոփոխություններ գուցե պետք են, բայց էլի նույնը պետք է անենք, ուղղակի ավելի լավ: Պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներից են ունենում այս պատկերը, ինչից է գալիս այս վիճակը: Շատ դժվար է. մանկապատենական դպրոցների վիճակը, մարզիչների որակավորումը... Մարզիչների լուրջ խնդիր ունենք մարզադպրոցներում, մարզիկների, նրանց որակների խնդիր ունենք: Եթե այսօր մեծահասակների Հայաստանի առաջնություն անենք առանց երիտասարդների, չենք կարող անցկացնել, քանի որ 20-30 մարզիկ չի հավաքվի: Եթե չկա մրցակցություն, չկա՝ աճ: Այսօր չենք կարողանում մեծահասակների աշխարհի առաջնությանը լիարժեք կազմ տանել: Այս պահին ունենք Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան եւ Արման Անդրեասյան: Մարզիչների եւ մանկավարժների որակավորմամբ լուրջ զբաղվել է պետք:
Առջեւում ունենք մրցաշարեր, բայց գումարային խնդիրների առջեւ ենք կանգնել: Երկու տարի առաջ տեղի հավաքներն ավելի մատչելի էին՝ 9800 դրամ, այժմ՝ 16300 դրամ է: Ավիատոմսերն են թանկացել, մուծումներն են թանկացել, աշխարհի առաջնության օրերը երկարել են՝ 4 օրերի փոխարեն դարձրել են 6 օր եւ այդ օրերի համար պետք է մուծումներ անել: Մեր պատճառով չի, որ բյուջեն չի բավականացնում: Այսպիսի գումարային խնդիրների առաջ են կանգնել: Դիմել ենք նախարարությանը, ֆեդերացիային: Արդեն երկու տարի մեզ հաստատում են հին բյուջեն, գնում ենք, խնդրում, տալիս են, հետո նորից նույնը: Այս տարի էլ կխնդրենք, տեսնենք՝ հաջորդ տարի ինչպես կլինի»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:


