ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արթուր Դավթյանն աշխարհի ամենաբարդ ցատկը կանի, եթե համոզվեմ, որ լիարժեք ապաքինված է․ Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյանն աշխարհի ամենաբարդ ցատկը կանի, եթե համոզվեմ, որ լիարժեք ապաքինված է․ Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյանի ցատկը կբարդացնենք, եթե ես համոզվեմ, որ վնասվածքը լիարժեք ապաքինվել է: Կա մի ցատկ, որն անում է Արթուրը: Եթե մենք փորձենք, կլինի աշխարհի ամենաբարդ ցատկը եւ կկրի «Դավթյան» անունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները:

Հայաստանի թիմն օրերս է վերադարձել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքից, որտեղ մասնակցում էր աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 6 օրում մասնակցել է աշխարհի գավաթի երկու փուլի եւ նվաճել 6 մեդալ՝ 3 ոսկի, 2 արծաթ եւ մեկ բրոնզ:

«Աշխարհի գավաթի փուլերն այս տարի մեզ համար մասնակցության առումով մի փոքր բարդ անցավ: Պետք է լիներ 6-ը, մեկը չեղարկվեց, դարձավ 5-ը, մենք մասնակցեցինք երեքին: Բաքվի փոխարեն գնացինք Դոհա հավաքի, սկսվեց պատերազմական գործողությունները, չկարողացանք վերադառնալ եւ բաց թողեցինք Անթալիայի փուլը: Սա մեր միավորների վրա  շատ ազդեց: Այնտեղ շատ ցածր արդյունքներ են գրանցվել: Եթե մենք մասնակցեինք, լավ միավորներ կունենայինք, որի արդյունքում ոչ թե մեկ բացարձակ գավաթակիր կունենայինք, այլ՝ երկուսը կամ երեքը: Ցանկացած դեպքում 4 ոսկե մեդալ ենք նվաճեց երեք փուլերում, 3 արծաթ եւ մեկ բրոնզ: Շատ լավ արդյունք է, բայց մեր հնարավորությունների չափը չէր: Մամիկոն Խաչատրյանի համար եմ ասում: Գոհ եմ, 4 մասնակից, երեք փուլերում էլ բոլորը եզրափակիչ դուրս եկան:

Արթուր Դավթյանից էլ եմ գոհ, նա շատ լավ հանդես Օսիյեկում: Վերջին փուլն, ասես, աշխարհի առաջնություն լիներ, քանի որ բոլոր ուժեղները մասնակցում էին՝ օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, աշխարհի մեդալակիրների: Նշեմ, որ Ռուսաստանն էլ էր մասնակցում: Կարող էինք ավեի լավ հանդես գալ, Մամիկոնը կարող էր գավաթակիր դառնալ: Իր հնարավորությունը չօգտագործեց:

99 տոկոս մեր հարցերը լուծեցինք: Այս տղաները մեր ապագան են: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դեռ շատ լավ նվաճումներ են ունենալու: Արթուր Դավթյանը 34 տարեկան է, իմ ամբողջ մտածմունքն այն է, որ հանկարծ վնասվածք չունենա: Երբ նա ցատկում է, գնահատակին չեմ նայում. առաջինը հարցնում եմ՝ ոտքդ ինչպես է, մեջքդ, գլուխդ:

Արթուր Դավթյանի ցատկը բարդացնելու մասին դեռ մտածում ենք: Անգլիացին նրան հաղթեց բարդությամբ, բայց Արթուրից լավ չարեց: Հետեւում եմ Արթուրի վնասվածքին: Ապաքինվել է, ասում է՝ լավ է: Եթե այսպես շարունակվի, կա մի ցատկ, որը նա կարող է անել: Այդ ցատկը ոչ թե 4 տասնորդական, այլ միանգամից 8 կբարձրացնի: Այդ ցատկն Արթուրինն է եւ կունենա «Դավթյան» անունը եւ կլինի աշխարհի ամենաբարդ ցատկը: Մենք դրան կգնանք այն դեպքում, երբ վնասվածքը լրիվ վերականգնված լինի, ես համոզվեմ, որ լիարժեք ապաքինված է: Այդ ժամանակ միայն կարելի է փորձել: Ինձ համար կարեւոր է, որ տղաները վնասվածքներ չունենան:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մի շատ լավ բան էլ տեղի ունեցավ: Արթուր Ավետիսյանն ամուսնացավ ու անմիջապես եկավ մյուս փուլերին: Երբեք աշխարհի գավաթակիր չէր դարձել: Ամուսնությունը դրական ազդեցություն է ունեցել, փաստորեն: Հիմա սպասենք՝ մի երեխա էլ ունենա, երեւի ավելի բարձր նվաճումներ կունենանք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

  • Կիսվել: