Արոնյանը դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ ծանր պայքար է սպասվում Կարլսենի հետ. Julius Baer Generation Gup
Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի 13-15-րդ տուրերի մրցախաղերով ավարտվեց նախնական փուլը: Հայտնի դարձան պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը:
Ի տարբերություն մրցումային նախորդ երկու օրերի, Արոնյանը վերջնագծում հաջող խաղաց, որի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
13-րդ տուրում նա հաղթեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց խորվաթ Իվան Սարիչի հետ: Նախնական փուլն Արոնյանն ավարտեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ հաղթանակով:
Արոնյանը 21 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Այսօր կայանալիք քառորդ եզրափակչում նա արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնի 34 միավորով նախնական փուլի հաղթող ճանաչված Մագնուս Կառլսենի հետ:
Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են Արջուն Էրիգայսին ու Քրիստոֆեր Յուն, Հանս Նիմանն ու Լե Քուանգ Լիեմը, Ռամեշբաբու Պրագնանանդհան ու Վինսենտ Կեյմերը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում ԱՄՆ-ի դրոշե ներքո հանդես եկող Արոնյանը հաղթել էր Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին, լեհ Ռադոսլավ Վոյտաչեկին, հնդիկ Բաշկարան Ադհիբանին ու Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին, հաշտություն էր կնքել լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Յուի հետ, պարտվել էր գերմանացի Վինսենտ Կեյմերին, հնդիկ Արջուն Էրիգայսիին, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին, վիետնամցի Լե Քուանգ Լիեմին, չեխ Դավիդ Նավարային և ամերիկացի Հանս Նիմանին: