երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ նախագահին ընտրողների մասին

Արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ նախագահին ընտրողների մասին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկ»ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասուլիսում քննադատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը։

«Այսօր հավաքված եք լրագրողներ, որոնք մտածում են «Փյունիկի» եւ հայկական ֆուտբոլի մասին։ Բայց կուզենայի այստեղ տեսնել նաեւ այն մարդկանց, որոնք ամեն օր ֆուտբոլի կողքին են։ Հասկանում եմ՝ ինչու չկան այսօր, քանի որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան վախի մթնոլորտ է ստեղծել։ Ես ունեմ օրինակներ, որ խոսել են «Փյունիկի» մասին, հետո ունեցել են խնդիրներ։

Ես երեք տարի է հայկական ֆուտբոլում եմ, ես պարզ ու թափանցիկ եմ, չեմ խուսափել ոչ մի հարցից։  Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, պայքարող մարդ։ Չեմ համարում, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, ընդունում եմ իմ սխալները, ի տարբերություն ՀՖՖ նախագահի եւ փոխնախագահի։ Նրանք միշտ խուսափել են իմ հարցերից։ Երեք տարի ունեցել եմ շատ հարցեր, պատասխանները չեմ ստացել։

Ինձ կարող են քննադատել, որ ես մարզիչ եմ եւ պետք է իմ գործով զբաղվեմ։ Բայց ես 10 տարի է մարզիչ եմ, մինչեւ այդ 25 տարվա 15 տարին եղել եմ հայկական ֆուտբոլում ու իրավունք ունեմ պայքարելու, իմ կարծիքն ասելու հայկական ֆուտբոլի համար։

Արաս Օզիլիսը ֆուտբոլիստ է, ես մարզիչ եմ։ Նրա հետ շփվելուց հասկացել եմ, որ ինքն էլ է մտահոգ, ցանկանում է դառնալ նախագահ եւ ինչ-որ բան փոխել։

Ես պատրաստ չեմ լռել։ Ինձ դատի տվեցին առողջ քննադատության համար։ Նրանք ինձ մեղադրում են իրենց վարկաբեկելու մեջ, բայց ես իմ կարծիքն եմ հայտնել։ Ես ունեմ փաստեր, որ ՀՖՖ-ն անօրինական է աշխատում։ Դրա համար ինձ դատի չեն տալիս, իսկ երբ ինչ-որ մեկին ասում եմ «գորշ կարդինալ», ինձ դատի են տալիս։ Վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ ունենալը չարաշահում են, մեզ զրկում են խաղադաշտերից, ինձ որակազրկում են, մեր նախագահին դատի են տալիս։ Շատ վատ են աշխատում, թափանցիկ չեն աշխատում։

Ես քաղաքականությունից հեռու եմ ու առաջ չէի հասկանում սեւեր - սպիտակներ։ Բայց հետո հայկական ֆուտբոլում զգացի այդ բաժանումը եւ հասկացա դրա իմաստը։ Հիմա կա այդ բաժանումը հայկական ֆուտբոլում։ Դա չի բերելու հաջողության։

 25 ակումբ է ընտրելու ՀՖՖ նախագահ։ Դրանցից 9 ձայն Պրեմիեր լիգայի ակումբներն են, որոնք մեծ ներդրում ունեն հայկական ֆուտբոլում։ Մնացած 16-ը չգիտեմ՝ ում հովանավորությամբ են գործում։ Նրանցից ոչ ոք չի կարող «Փյունիկի», «Ուրարտուի», «Ալաշկերտի», «Արարատ-Արմենիայի», «Շիրակի» ներդրումից ավելի ունենալ։ Նրանք էլ ունեն մեկական ձայն քվեարկությունում, այս մեծ ակումբներն էլ ունեն մեկական ձայն։ Դա մի արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա ՝ ապահովված ձայներով ընտրությունում։ ՈւԵՖԱ-ի փողերը, որ պետք է ծառայեն հայկական ֆուտբոլի զարգացմանը, նրանք այդ փողերով ստեղծել են համակարգ, որ ընտրվեն եւ շարժվեն առաջ։ ՀՖՖ-ի աշխատանքը համարում եմ ձախողված»,- նշեց Եղիշե Մելիքյանը։

ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ն։ Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիսի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն», Մելիքբեկյանի թեկնածությունը՝ Երեւանի «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է Խորեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: