Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է ԱԱ-2026-ին Մեսսիի մասնակցության հեռանկարների մասին
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու հեռանկարները: Այս մասին փոխանցում է championat.com-ը։
«Նա կորոշի՝ լինել այնտեղ, թե ոչ, և ամեն դեպքում մենք կաջակցենք նրա որոշմանը։ Ամեն ինչ լավ է ընթանում, բայց վեց ամիսը երկար ժամանակահատված է: Մենք հույս ունենք, որ նա լավագույն որոշումը կկայացնի իր եւ հավաքականի համար»,-Սկալոնիի խոսքը մեջբերում է Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։
Արգենտինացիները հայտնվել են J խմբում, որտեղ պետք է հանդիպեն Ավստրիայի, Ալժիրի եւ Հորդանանի հավաքականների հետ:
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը տեղի կունենա հաջորդ ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:


