շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան պրիում

Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան պրիում

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա մարզուհին երկամարտում ցույց է տվել 189 կգ արդյունք և դարձել է Գրան պրիի բրոնզե մեդալակիր:

Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների պայքարում:

Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն: Ընդ որում՝ հրում վարժությունում Գրիգորյանը գերազանցել է աշխարհի երիտասարդական առաջնությունում ցույց տված արդյունքը: Երկու վարժություններում էլ Գրիգորյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

  • Կիսվել: