երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանցուն հաղթելուց հետո Կնյազ Իբոյանը հաղթեց նաև թուրքին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Կնյազ Իբոյանը հաղթեց նաև թուրքին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնը 92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գերլարված պայքարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիին` 6:3:

Իբոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից,  որտեղ 3:2 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ռավան Մուսաեւին:

Կիսաեզրափակիչում Իբոյանի մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Մոհամադմոբին Ղոլամալի Աժիմին:

Երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան նաեւ Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ)  եւ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ):

Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Լեւիկ Միքայելյանը (61 կգ) որակավորման փուլում 15:4 հաշվով հաղթեց Հորդանանը ներկայացնող Սուհիբ Ռամզի Սալահ Ալմարաֆին, 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ ուզբեկ Ազիզբեկ Նաիմովի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 1:6 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Ալի Մահմուդ Խորամդելին:

Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 8:7 հաշվով առավելության հասավ չինացի Մայդինգ Յեմայի Էր Աիլիի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 12:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Ժոմբոր Ժիվնովզկու նկատմամբ: Քառորդ եզրափակիչում երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնը 0:10 հաշվով պարտվեց ճապոնացի Ֆումիա Իգառասհին: 

74 կգ քաշային Արմեն Մուսիկյանը մեկնարկային գոտեմարտում 0:5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասադբեկ Կամիրովին:

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը (57 կգ):

Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել, քանի որ նրան հաղթած ամերիկացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ:

Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը 6:3 հաշվով հաղթեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող Լեվ Պավլովին: Բրոնզե մեդալը Հարությունյանը կվիճարկի ադրբեջանցի Ասիֆ Աբդուլաեւի հետ:

Էդիկ Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Ռաֆալ Ռոման Ժեւցին: Քառորդ եզրափակիչում պարտվել էր ԱՄՆ ներկայացնող Լյուք Ժոզեֆ Լիլեդահլին:

 
 

  • Կիսվել: