ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին

Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանը հավաքականի մարզիչները լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ադրբեջանցի մարզիկի հետ գրանցված միջադեպին:

Մանվելյանը քառորդ եզրափակչում 7-1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Պարտությունից հետո ադրբեջանցի մարզիկն աչքի էր ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով՝ հարվածելով Մանվելյանին, երբ վերջինս ձեռք էր մեկնել նրան, ինչից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել էր Հասանովին:

 
«Չեմ կարող ասել, թե ինչու ադրբեջանցին իրեն այդպես պահեց: Մարզիչների ու մրցավարների միջամտությունից հետո իրավիճակը հարթվեց»,- ասել է Մանվելյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գնահատմամբ՝ այս առաջնությունում ադրբեջանցիների կողմից ագրեսիան ավելի շատ էր.

«Դա գալիս է տնից, ընտանիքից, մարզիչներից, երկրից: Սպորտը պետք չէ խառնել այդ ամենին: Միջադեպի ժամանակ ես էի մարտավկան: Երևում էր, որ նա Կարապետից թույլ է, բայց որ Կարապետն այդպիսի մաքուր հաղթանակով կարող էր հաղթել, մենք էլ չէինք պատկերացնում: Երևի՝ ադրբեջանցին շատ լցված, վիրավորված էր: Կարապետը ձեռքը մեկնեց, նա չմեկնեց ու հարվածեց: Բայց հետո իր մարզիչը գնաց ձեռքից բռնեց բերեց գորգի վրա և մոտեցրեց ինձ, ասաց բարևի ու գնա: Դրսում արդեն մարզիչի հորդորով նա Կարապետին էլ մոտեցավ ու ձեռքը սեղմեց: Մարզիչները ներողություն խնդրեցին մեզնից: Ասացի, որ սպորտը չխառնեն քաղաքականությանը: Ասացի՝ դուք մարզիկ եք, զբաղվեք ձեր գործով»,- նշել է Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: